Ինչ ձևաչափով է «Նոր դարաշրջան»-ը մասնակցելու ընտրություններին․ մեկնաբանել է Հարություն Հարությունյանը

«Ողջ իրավապահ համակարգում քաոս է տիրում, ինչը, ցավոք սրտի, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև դատական իշխանության վրա։ Ամփոփեցինք մեր մտորումները, մեր պատկերացումները, մեր հնարավոր անելիքներն ու ներուժը, և արդյունքում բավականին դժվար որոշում կայացրեցինք՝ հրաժարվել մեր հանգիստ կյանքից և ստանձնել նոր, ավելի լուրջ և մեծ պատասխանատվություն»,- այս մասին Alpha News-ին ասել է «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կայացվեց առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշումը։

Վերջինիս խոսքով՝ կուսակցությունն ունի գրեթե 130 անդամ, որոնց մի մասը իրավաբաններ և փաստաբաններ են։

«Մեր թիմը համալրվում է նաև քաղաքագետներով, հաշվապահներով, ֆինանսիստներով, մաթեմատիկոսներով։ Փորձում ենք ստանալ պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի այս օրհասական պահին կարողանանք ամբողջությամբ մեր ներուժն օգտագործել պետականության կայացման գործում»,- նշել է Հարությունյանը։

Հարցին, թե արդյոք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորություններ դիտարկվում են, կուսակցության նախագահը պատասխանել է․

«Արտախորհրդարանական ուժերի հետ այս պահին էլ իրականացվում են հանդիպումներ և քաղաքական խորհրդակցություններ․ վաղը ևս նախատեսված են որոշակի քննարկումներ։ Իսկ հաջորդ շաբաթվա սկզբին մենք պաշտոնապես կհայտարարենք մեր վերջնական որոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։