Ինչ է սպասվում ՀԷՑ-ի հարցով վարույթի ժամկետի ավարտից հետո. ՀԾԿՀ նախագահը մանրամասներ է հայտնել

24 Հուլիսի 2025, 17:04

Տնտեսություն և Բիզնես

ՀԷՑ-ի հետ կապված հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 3 ամիս է, այն կարող է երկարաձվել ևս մեկ ամսով, եթե կողմերից մեկը պահանջում է երկարաձգել հարցի ուսումնասիրության համար։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Չորրորդ ամսվա սահմանագծի վրա պետք է հանձնաժողովը արդեն այդ վարչական վարույթի շրջանակներում իր որոշումը կայացնի։ Եթե կորոշենք, որ վարչական վարույթով հարուցված այդ խնդիրները չեն ապացուցվում, բնականաբար դա մի ելք է։

Իսկ եթե կապացուցվի, որ վարչական վարույթի շրջանակներում մատնանշված խնդիրներից կան ապացուցված փաստեր, որոնց հիման վրա կարելի է արդեն այլ որոշում կայացնել, բնականաբար, այդ դեպքում ժամանակավոր կառավարիչը կշարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի որոշի իր հաջորդ քայլերը, թե ինչպես է վարվում այդ ընկերության հետ՝ նոր մրցույթ է հայտարարում, կոնսորցիումով կառավարում է հայտարարում, թե փայաբաժին է ստանում պետությունը։ Այդտեղ տարբերակները շատ են»,- նշել է նա։