Արման Ծառուկյանը բացահայտել է, թե ինչպես է հաղթելու Իսլամ Մախաչովին

19 Հոկտեմբերի 2024, 18:52

Սպորտ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը «Red Corner MMA»-ին տված հարցազրույցում խոսել է թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչովի դեմ հավանական տիտղոսային մենամարտի մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ծառուկյանն ու Մախաչովը կհանդիպեն ռինգում 2025 թվականի հունվարին։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է հաղթել լավագույն մարտիկին՝ անկախ քաշային կարգերից, և ինչ գնով, նա ասել է.

«Պատրաստ եղիր դժվարին հինգ ռաունդի: Պետք է ունենալ լավ «բենզոբակ», լավ պաշտպանություն ըմբշամարտից, լավ բռնցքամարտ, լավ թաեքվոնդո: Եթե ամեն ինչ անես լավ մակարդակով, թույլ չտաս, որ մրցակիցդ անի այն, ինչ նա սիրում է, ապա հանգիստ կարող եք հաղթանակ տանել:

Դրա շնորհիվ շատ չեմպիոններ հստակ հաղթում են: Նրանց դեմ դուրս եկող մարդիկ ինքնավստահություն չունեն։ Նրանք մտածում են. «Ի՞նչ է անելու Իսլամը»: Չեմ մտածում, թե նա ինչ կանի, ես մտածում եմ՝ ինչ կանեմ, ինչ հարձակում եմ իրականացնելու։ Եթե ինձ վիճակված է դառնալ UFC-ի չեմպիոն, հաջորդ տարի ես կլինեմ: Այն, ինչ իմն է, ինձ չի թողնի։ Իմ կյանքում չի եղել մի պահ, երբ ես ինչ-որ բան ցանկանայի և չհասնեի դրան: Վստահ եմ, որ մի օր չեմպիոն եմ դառնալու։ Դա ժամանակի հարց է»,- ասել է Ծառուկյանը:

Հիմա եթերում