Ինչ որոշում կկայացնի ԱՄՆ-ը Թուրքիայի դեսպանատանն աշխատող թուրք ամուսինների համար․ ներկայացնում է Հարութ Սասունյանը

01 Հոկտեմբերի 2024, 23:45

Քաղաքականություն

Թուրք ամուսինները «գերեվարել» են ֆիլիպինցի մի կնոջ: Դեպքն Alpha News-ի եթերում ներկայացրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Վերջին տարիներին բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ԱՄՆ-ում և Եվրոպայում զբաղվում են կաշառակերությամբ: Մի քանի դեպքեր արդեն իսկ բացահայտվել են: Բայց, անշուշտ, ամենամեծ կաշառակերները Ալիևն ու Էրդողանն են, որոնք միլիարդներ են դիզել իրենց կառավարման ընթացքում: Երկու բարձրաստիճան թուրք ամուսինները, որոնք աշխատում էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը, մի քանի տարի առաջ կապվում են ֆիլիպինցի մի կնոջ հետ և ասում՝ մենք քեզ վիզա կտրամադրենք, կգաս մեզ մոտ կաշխատես որպես մեր երեխայի դայակ:

Նրանք պայմանագիր են կնքում, որտեղ նշված է, որ մեկ ժամվա համար դայակին պետք է վճարեն 14 դոլար, շաբաթվա մեջ նա կաշխատի 35 ժամ, կունենա առանձին սենյակ և հանգստի ժամեր: Ֆիլիպինցին ընդունում է պայմանները և գնում է Վաշինգտոն: Բայց հետո պարզվում է, որ այս կնոջ նկատմամբ թուրք ամուսինները բռնություն են գործադրել, ստիպել են, որ պայմանավորված 35 ժամի փոխարեն շաբաթվա մեջ 80 ժամ աշխատի, և նույնիսկ չեն վճարել հավելյալ ժամերի համար: Ավելին, երբ նրան վճարում են ընդամենը 35 ժամվա համար և տալիս են կտրոնը, որ բանկից գումարը ստանա, ստանալուց հետո կնոջից գումարի մի մասը վերցնում են և չեն վերադարձնում: Նրան արգելում են տնից դուրս գալ, խոսել հարազատների հետ, և զգուշացնում՝ եթե որևէ բան մեր սրտով չանես, քեզ աշխատանքից կհեռացնենք, ոստիկանությանը կհանձնենք ու երկրից կվտարենք: Այս խեղճ կինը ճարահատյալ մնում և աշխատում է, քանի որ Ֆիլիպիններում գտնվող բազմանդամ ընտանիքն այդ գումարի հույսին էր:

Սակայն օրերից մի օր կինը փախչում է տնից, գնում Վաշինգտոնում Ֆիլիպինների դեսպանատուն և պատմում, թե ինչպես են իր հետ վարվել: Դեսպանատունը կապ է հաստատել ԱՄՆ-ի կառավարության հետ և բողոքել, թե ինչու իրենց քաղաքացին պետք է նման խտրականության արժանանա՝ կապված բռնության, վճարային համակարգի հետ, կնոջը նաև ստիպել են հատուկ քիմիական նյութերով տունը մաքրել, ինչի պատճառով նրա ձեռքերը այրվել էին: Ֆիլիպինների դեսպանատունը կապվել է ուժեղ իրավաբանական կազմակերպության հետ, նրանք հայտ են ներկայացրել զույգի նկատմամբ, բայց արդեն դատարանը պետք է որոշի՝ նրանք մեղավոր են, թե ոչ: Բայց զույգը մեկնել է Անկարա, ԱԳՆ-ում երկուսն էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, ու ըստ նրանց օրենքի՝ նրանք անձեռնմխելի են, այսինքն՝ ամերիկյան օրենքը չի կարող դատել նրանց: Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, միայն կկարղանան նրանց սև ցուցակում ընդգրկել և արգելել մուտքը ԱՄՆ»,- պատմել է Սասունյանը: