ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար նոր պահանջ կգործի
27 Փետրվարի 2025, 17:41
2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունում փոփոխություններ են ընդունվել միգրացիոն օրենսդրության ոլորտում։ Այս փոփոխությունների առանձին նորմերն ու փուլերն արդեն ուժի մեջ են մտել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան հայտնել է, թե ինչ այլ փոփոխություններ են սպասվում ուժի մեջ մտնելուն պես, ինչ պահանջներ են ներկայացվելու Ռուսաստան մեկնող օտարերկրյա քաղաքացիներին:
«Ընդունվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումը, որի համաձայն՝ անցկացվում է Ռուսաստանի Դաշնություն մուտքի կանոնների և պայմանների պրոբացիա։ Այն բաղկացած է 2 փուլից. առաջին փուլն արդեն իրականացվում է դեկտեմբերի 1-ից մի շարք անցակետերում, այդ թվում՝ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում։ Սահմանը հատելիս օտարերկրյա քաղաքացիները հանձնում են կենսաչափական տվյալներ:
Երկրորդ փուլը կսկսվի հունիսի 30-ից: Այն ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց առնվազն 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ առնվազն 4 ժամ առաջ, էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է դիմում ներկայացնեն իրենց մուտքի նպատակների մասին։
Երկրորդ փուլից սահմանը հատելիս կենսաչափական տվյալներ կներկայացվեն ամենուր, ոչ միայն այն անցակետերում, որոնք նշված էին 1-ին փուլում։ Բացառություն է արվել միայն Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար։ Մյուս անդամ պետությունների քաղաքացիները, համաձայն այդ որոշման, կենթարկվեն նույն ընթացակարգերին, ինչ նախատեսված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար։
Այսօր մենք ստացել ենք պաշտոնական հարցում Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ խնդրանք Հանձնաժողովին՝ քննարկելու այս որոշման առանձին նորմերի արգելքի նշանների առկայությունը։ Եվ հիմա հանձնաժողովի հարթակում այդ աշխատանքն իրականացվում է։ Մեզ համար շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ պետություններում նախաձեռնվող և ընդունվող օրենսդրական ակտերը չհակասեն ԵԱՏՄ իրավունքին»,-հայտարարել է Օմուրբեկովան։