Ինչի՞ մասին Սամվել Շահրամանյանն այդպես էլ ոչինչ չասաց
30 Հոկտեմբերի 2023, 23:00
Հանգստյան օրերին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը։ Սա Շահրամանյանի առաջին հարցազրույցն է ոչ միայն սեպտեմբերյան պատերազմից և Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո, այլ նաև Շահրամանյանի առաջին հարցազրույցն է Արցախի՝ ընտրված նախագահի կարգավիճակում։
Իր հարցազրույցում Շահրամանյանն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ Ստեփանակերտի վառելանյութի պահեստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքներից, արցախցիների՝ Հայրենիք վերադառնալու մասով հնարավոր բանակցություններից, մինչև սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական կողմի հետ զինադադարի մասին բանակցությունների մանրամասների։
Արցախի հինգերորդ նախագահն ասել է, որ ադրբեջանական հարձակման մասին հաղորդվել է այն սկսվելուց որոշ ժամանակ առաջ՝ Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահներին, իսկ բախումների սկսվելուց մի քանի ժամ անց, պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղը մնացել է միայնակ։ Նույնիսկ մենակ մնալով, և շրջափակման մեկնարկից 10-ը ամիս անց, ուժասպառ Արցախը պատասխան գործողությունների դիմեց, ինչը հնարավորություն տվեց բանակցություններ սկսել Բաքվի հետ։
Ադրբեջանական զինված ուժերում անձնակազմի մեծ թվի կորստի պատճառով, Բաքուն համաձայնել է փոխել փաստաթղթի սկզբնական տեքստը, որը պետք է ստորագրվեր ԼՂՀ իշխանությունների կողմից, և որը պետք է ֆիքսեր զինադադարը։
Շահրամանյանը, թույլատրելիի սահմաններում, այս ամենի մասին խոսել է Արցախի հանրային հեռուստատեսության եթերում, սակայն եղել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ չտրվեցին.
- Ի՞նչ պատճառով են Հայաստանի իշխանությունները սառեցրել Արցախի բյուջեի հաշիվներում առկա 3,1 մլրդ դրամը, ինչը թույլ կտար արցախցի քաղծառայողներին վճարել աշխատավարձերը և կատարել այլ անհրաժեշտ վճարումներ, առնվազն, մինչև 2023 թվականի վերջ։
- Կոնկրետ ո՞վ էր կանգնած Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց «ինքնաբուխ բողոքի» կազմակերպման հետևում։ Այս հարցի պատասխանը պետք է տրվեր հատկապես այն ֆոնին, որ ինքը՝ Շահրամանյանը, չի հերքել, որ «գոյություն ունենալու իրավունք ունի այն կարծիքը, ըստ որի, «ինքնաբուխ բողոքի» հետևում կոնկրետ անձինք են կանգնած»։
- Ի՞նչ պատճառով են ՀՀ անձնագրերով Արցախի բնակիչները զրկվել Հայաստանի քաղաքացիությունից՝ նրանց տալով այլ կարգավիճակ, որն արցախցիներին թույլ չի տալիս փախստականի կարգավիճակ ստանալ Հայաստանի սահմաններից դուրս։
- Որո՞նք էին սեպտեմբերյան պատերազմի օրերին տեղի ունեցած Սամվել Շահրամանյանի և Նիկոլ Փաշինյանի եզակի հեռախոսազրույցի մանրամասները, որոնց մասին օրեր առաջ գրել էին հայկական թերթերը։ Ինչպե՞ս բացատրեց Փաշինյանը, որ ՀՀ բանակը չի պատրաստվում օգնության հասնել Արցախին, և ի՞նչ փաստերի հիման վրա ու ինչու՞ էր Փաշինյանը վստահ, որ «եթե չստորագրվի կապիտուլյացիան, պատերազմը կտեղափոխվի Հայաստանի տարածք»։
Ելնելով Շահրամանյանի այն խոսքերից, թե «Արցախի նախկին նախագահներին ադրբեջանական կողմը ձերբակալել է քաղաքական դրդապատճառներով», ինչպես նաև այն փաստից, որ ԼՂՀ հինգերորդ նախագահը հրաժարվել է խոսել սեպտեմբերի 28-ի՝ «ԼՂՀ լուծարման մասին» իր հրամանագրի մասին, կարող ենք եզրակացնել, որ նախագահ Շահրամանյանը խուսափում է այս թեմայից՝ համարելով, որ դա կվնասի ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախագահներին։
Իրականությունը, սակայն, այն է, որ անկախ Շահրամանյանի դիրքորոշումից, անկախ «սեպտեմբերի 28-ի հրամանագիրն իրավական ուժ չունենալու» հայտարարության առկայությունից կամ բացակայությունից, Ադրբեջանը փորձելու է ԼՂՀ նախագահներին օգտագործել քաղաքական նպատակներով, և Բաքվի ռեժիմը դա կանի։ Ալիևը մտադիր է օգտագործել նախագահների ցուցմունքները, որոնք նա կփորձի ստանալ Արցախի նախկին կառավարիչներից՝ իր Միջազգային քրեական դատարաններում Հայաստանի դեմ հայցերի համար։ Փաշինյանը կարող է սա չհասկանալ (ինչը քիչ հավանական է, բայց այնուամենայնիվ), բայց Սամել Շահրամանյանը սա պարտավոր է հասկանա։
Շահրամանյանն այսօր ունի միայն մեկ պատմական առաքելություն՝ կանխել Արցախի պետականության մնացորդների ոչնչացումը, ու առանց սեպտեմբերի 28-ի հրամանագրի վերաբերյալ համապատասխան հայտարարությունների ու որոշումների, դա անհնար կլինի անել։
Ինչ վերաբերում է Շահրամանյանի հույսերին, թե իրեն թույլ կտան զբաղվել արցախցիների սոցիալական խնդիրներով, ապա այստեղ էլ նա սխալվում է. Փաշինյանը «ղարաբաղյան էլիտայում ունի իր ֆավորիտները» և Արցախի ժողովրդի սոցիալական աջակցության փաթեթի կառավարումը կվստահվի այս մարդկանց, չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ նույնիսկ հենց Արցախում կասկածվում էին սոցիալական աջակցության հետ կապված կասկածելի սխեմաների կիրառման մեջ։
Դժվար է ասել, թե ինչպիսին է Սամվել Շահրամանյանը՝ որպես պետական գործիչ, բայց եթե նա չդառնա քաղաքական գործիչ, դա նաև անձամբ իրեն կբերի մի իրավիճակի, որի տրամաբանական ելքը կլինի ազատազրկումը։ Նրա հասցեին նման ուղղակի սպառնալիքներ արդեն երկար ժամանակ հնչում են իշխանամետ «տեղեկատվական աղբարկղերի» կողմից։
Ամեն բան պարզ է՝ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քեզնով կզբաղվի քաղաքականությունը…