Ինչո՞ւ է Կանադան արտահերթ ընտրությունների գնում․ Շահեն Միրաքյանի մեկնաբանությունը

28 Մարտի 2025, 13:00

Քաղաքականություն

Կանադացիներն ապրիլի 28-ին կգնան ընտրատեղամասեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար։ Վարչապետ Մարկ Քարնին, որն իշխանության ղեկին է ընդամենը մի քանի օր, դիմել է գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին՝ խորհրդարանը լուծարելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ իրեն ուժեղ մանդատ է պետք՝ հասցեագրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից եկող սպառնալիքը։

Այժմ, գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ, լիբերալները, որոնք հավակնում են չորրորդ մանդատին, առաջ են անցնում հարցումներում, մինչդեռ պահպանողականների աջակցությունը նվազում է, ըստ CBC Poll Tracker-ի, որը հավաքում է հարցումների տվյալները: Սա ցույց է տալիս, որ լիբերալները, որոնց առաջնորդը Քարնին է, չորսից երեք հնարավորություն կունենային մանդատների մեծամասնություն ստանալու համար, եթե ընտրությունները հիմա անցկացվեին։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանի հետ:

«Եթե ընտրություները երեք ամիս առաջ լինեին, պահպանողական ուժերը կհաղթեին։ Երբ գնային ժողովրդին հարցնելու, թե որ կուսակցության կողմնակից են, կասեին՝ պահպանողական կուսակցության, որ ավելի մոտ է Միացյալ Նահանգների այսօրվա քաղաքականությանը»,- ասել է մեր զրուցակիցը:

Շահեն Միրաքյանը նշել է, որ Կանադայի այսօրվա քաղաքականության ուղղվածությունն այլ է, դրա համար բարդ է բարձրաձայնել հայերի խնդիրների մասին։

«Այսօր շատ դժվար է, որ մենք մեր հարցերը առաջ բերենք, որովհետև միակ լուրջ հարցը Դոնալդ Թրամփի հետ Կանադայի հարաբերություններն են»,- ասել է Միրաքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: