Ինչո՞ւ են Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը շտապում խաղաղության պայմանագիր կնքել. մեկնաբանում է Սերգեյ Մելքոնյանը

16 Նոյեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Միացյալ նահանգներն արդեն շատ բաց է խոսում այն մասին, որ իրենց գլխավոր նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայնտեց պ.գ.թ., ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ Բրայենի նախօրեին արված հայտարարություններին:

Մասնավորապես, պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Արցախի վերաբերյալ լսումների ժամանակ խոսել է ռուս խաղաղապահների՝ 2025թ.-ից հետո Արցախից դուրս գալու անհրաժեշտության մասին:

«Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության բաղադրիչներից մեկը ռուս խաղաղապահների՝ Արցախում լինելն է: Այո, Արցախում էթնիկ զտումներից հետո Ռուսաստանի ներկայությունը նվազեց, բայց Արեւմուտքը հասկանում է, որ դա բավարար չէ, որովհետեւ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներ կան, դա նշանակում է, որ գետնի վրա հիմքեր կան, որպեսզի արցախահայության ինչ-որ մասը վերադառնա Արցախ, ինչը հիմք կլինի, որ 2025-ից հետո էլ Ռուսաստանի ներկայությունն Արցախում երկարաձգվի: Դրա համար էլ Արեւմուտքն աշխատում է հիմա, որ մինչեւ 2025թ. ռուս խաղաղապահներին հանի Արցախից, իսկ այդ գործում մեծ աշխատանք է տանում Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:

Ջեյմս Օ Բրայենը հայտարարել էր նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի՝ մոտ ապագայում կնքվելու հավանականության մասին: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ հաջորդ մի քանի շաբաթը վճռական է լինելու կողմերի համար, այն իմաստով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանա՞ն լավ մտադրություններից անցնել եւ «այո» ասել խաղաղության պայմանագրին:

Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Արեւմուտքը շտապում են խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ 2024թ. ընտրություններ են սպասվում Ռուսաստանում, Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում: Բացի այդ իրավիճակն Ուկրաինայում կայունանում է, ինչը նշանակում է, որ բոլոր կողմերը պատրաստվում են բանակցությունների:

«Այս պարագայում Ռուսաստանի ռեսուրսները որոշ չափով ազատվում են եւ տարածաշրջանում Ռուսաստանն իր դիրքերը կարող է ամրապնդել: Հետեւաբար, իրենք շտապում են արագ կնքել այդ պայմանագիրը, հետո օրակարգ բերել ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից, ռուսական ռազմաբազայի հանումը Հայաստանից, հետո ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալ եւ այլն»,- նշեց Սերգեյ Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: