Ինչո՞ւ պետք է Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ստեղծեր մի երկրի հետ, որին ուզում է ոչնչացնել. թուրքագետ
06 Օգոստոսի 2023, 16:04
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը համոզված է՝Թուրքիան նպատակ չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հակառակ դեպքում, ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանը կբացվեր հենց երկու երկրների քաղաքացիների, եւ ոչ թե երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Մենք Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորման փուլում ենք։ Երկու երկրնեի բանագնացները վաղուց իրար հետ չեն աշխատում։ Երբ Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններն ուզում էին ինչ-որ շտապ բան անել, գործարք կատարել, խանգարող հանգամանքներ կային՝ Ռուսաստանն ու Իրանը, իրենք էլ տեսան, որ ավարտին չեն կարողանում հասցնել այդ գործընթացները, որոշեցին ինչ-որ խաղ խաղալ եւ դուրս գալ վերահսկողությունից եւ փորձեցին երկուսով հարցեր լուծել, բանագնացներ նշանակեցին, բայց Ռուսաստանը կրկին իր թաթը դրեց ու ասաց, որ առաջին հանդիպումն ինձ մոտ պետք է տեղի ունենա, այսինքն՝ ցույց տվեց, որ ինքը խաղի մեջ է եւ Հայաստանն ու Թուրքիան էլի չկարողացան անել այն, ինչ ուզում են։ Դրա համար էլ տեսնում ենք, որ վերջին ժամանակահատվածում այդ «դիվանագիտական հարաբերությունների» մասին ոչ ոք չի խոսում»,- Alpha News-ի եթերում ասաց թուրքագետը։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կլինեին, ինչպես ընդունված է այլ երկրներում, եթե համապատասխան փաստաթուղթ ստորագրվեր եւ երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացվեին, ու դիվանագետներ նշանակվեին։ Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, ըստ Տիրան Լյոքմազյոզյանի՝ խաբեություն է։
«Թուրքիան 30 տարի է՝ մեզ չի ուզում մարդահաշիվ անել։ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայաստանի հետ, քանի որ հեռու գնացող նպատակներ ուներ` դեռ այն ժամանակ, եւ այսօր էլ նույն նպատակներն ունի։ Ինչո՞ւ պետք է Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ստեղծեր մի երկրի հետ, որին ուզում է ոչնչացնել, եւ 30 տարի աշխատում է, որ մենք չլինենք, գոնե այնպես չլինենք, որ մեզնից ինչ-որ բան ներկայացնենք»,-ասաց Տիրան Լյոքմազյոզյանը՝ համեմատականներ անցկացնելով մեկ դար առաջվա Թուրքիայի հետ, որի նպատակն էլի նույնն էր։
«Թուրանն այսօր էլ ի զորու է։ Թուրքիան այնպիսի պետություն է, որ կազմում է 100 տարվա ծրագիր, նա մեր նման օրակարգային քաղաքականություն չի վարում։ Նրանք այդ ծրագրից ժամանակ առ ժամանակ գուցե չխոսեն, բայց սառույցի վրա են պահում, որ մի օր հանեն, ու այսօր այդ ծրագիրը մեջտեղ է հանվել, այդ պատճառով է, որ Թուրքիան չի ուզում Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծել»,- ընդգծեց թուրքագետը։
Լյոքմագյոզյանը շեշտեց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը վտանգավոր է Հայաստանի համար։
«Չի՛ կարելի այսօրվա պայմաններով բացել այդ սահմանը։ Ոչ մի առումով մենք պատրաստ չենք Թուրքիայի հետ սահմանի հետ, պատրաստ չէինք նաեւ տասը, քսան տարի առաջ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Մարգարայի կամրջի բացմանը, որը հնարավոր է առաջիկայում տեղի ունենա, թուրքագետը կարեւորեց այն փաստը, որ կամուրջը բացվում է ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Բոլորս էլ այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե այդ կամուրջը բացվում է զբոսաշրջիկների համար։ Այդ կամուրջը բացվում է ո՛չ հայերի, ո՛չ էլ թուրքերի համար, ինչը շատ հետաքրքիր փաստ է։ Աշխարհում չկա նման օրինակ, որ երկու երկրների միջեւ սահմանը բացվի, բայց ոչ թե այդ երկրների, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հետաքրքիր է նաեւ այն, որ մեր կառավարությունն անընդհատ շեշտում է, թե մեզ համար շատ կարեւոր է այդ կամուրջի բացումը, ո՞ւմ համար է կարեւոր, մե՞զ համար, եթե մենք այն չենք օգտագործելու, Թուրքիայի համար էլ կարեւոր չպետք է լինի, որովհետեւ իրենք էլ դա չեն օգտագործելու։ Ուրեմն, երրորդ երկիր կա, որի համար կարեւոր է այդ կամրջի բացումը ու հետաքրքիրն այն է, որ մենք շատ ենք կարեւորում, որ այդ երրորդ երկիրն օգտագործի այդ սահմանային անցակետը»,- ասաց թուրքագետը։