Ինչու է ոստիկանությունը ցանկանում հասանելիություն ունենալ մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ Արթուր Պապյան
02 Սեպտեմբերի 2024, 22:20
Ոստիկանությունն առաջիկա մեկ տարում 24/7 ռեժիմիով տեսահսկման հասանելիություն կունենա բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առքուվաճառքի, առանձին մուտք ունեցող կազմակերպությունների, նաև ուսումնական հաստատությունների, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների շենքերի մուտքերին և հարակից տարածքներին։
ՀՀ Ազգային ժողովն այս տարվա հունիսին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով տնտեսավարողները պարտավորվում են շինության մուտքը և հարակից տարածքներն ապահովել տեսահսկման համակարգերով, իսկ ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները։
Alpha News-ը թեմայի շուրջ զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի հետ։
Նրա խոսքով՝ եթե նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ապա մեծ թվով փոքր, միջին բիզնեսներ, որոնք երբեք կարիք չեն ունեցել տեսախցիկներ գնել, ստիպված 300-400 հազար դրամ պետք է ծախսեն տեսախցիկներ տեղադրելու համար։ «Այսինքն՝ հիմա ստիպված ձեռք են բերելու թանկարժեք սարքեր, եթե ինտերնետ չեն ունեցել, հիմա ստիպված են լինելու իրենց տարածքում ինտերնետ միացնել, որպեսզի կարողանան ապահովել այդ տեսախցիկների կապը ոստիկանության հետ, իսկ վերջինս կկարողանա 24/7ժամով տեսնել այդ բիզնեսների մուտքերը»,- ասաց Արթուր Պապյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում այսօր մեծ թվով տեսախցիկներ տեղադրված են տարբեր պետական և ոչ պետական կառույցներում, որոնք մեխանիկորեն կմիացվեն մեկ ընդհանուր ցանցի։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ չէր լինի, որ ոստիկանությունն օգտվեր արդեն իսկ տեղադրված տեսախցիկներից, Alpha News -ի զրուցակիցը նշեց․
«Այսօր հանրապտությունում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ՝ մոտ 10 հազար, և օրենքի համաձայն՝ ոստիկանությունը, քննչական մարմիններն ունեն հնարավորություն քրգործերի, ճանապարհային կանոնների խախտումներ ժամանակ օգտվել այդ տեսախցիկներիցլ, բայց դրա համար երկար ժամանակ է հարկավոր, քանի որ պետք է փաստաթղթավորում լինի։ Ուստի այդ պրոցեսն արագացնելու համար ցանկանում են տեսախցիկները մշտական միացված լինեն մեկ ցանցի։ Պատճառաբանությունն այն է որ դրանով կբարձրացվի անվտանգությունը և հանցագործությունների բացահայտելիությունը։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ոստիկանությունը չի կարող ուղղակի գնալ մտնել ինչ որ մեկի տեսախցիկի մեջ և քրքրել դա, քանի որ դրա համար պետք է ունենալ քննիչից թուղթ, այլապես դա լուրջ չարաշահումների կհանգեցնի»։
Արթուր Պապյանն այն կարծիքին է, որ սա անիմաստ բարդություններ է ստեղծելու նաև այն մարդկանց համար, որոնք ուզում են պահպանել իրենց անձնական տվյալների գաղտնիությունը։
Դիտարկմանը, թե, ըստ նախագծի հեղինակների, առանց որոշման էլ մասնավոր կառույցների մեծ մասում՝ ներսում և դրսում, կան տեսանկարահանման սարքեր, բայց դատական մարմիններում տեսագրությունը ներկայացնելու ժամանակ սովորաբար տնտեսվարողները հրաժարվում են ներկայացնելու այդ տեղեկատվությունը, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուղիղ պահանջ է լինելու այդ տեսագրությունները ներկայացնելու համար, Արթուր Պապյանը նշեց, երբեմն մարդիկ հրաժարվում են ֆինանսական խնդիրների պատճառով։
«Այսինքն՝ երբ դու տեսախցիկը միացնում ես ու դնում ես շարժման դետեկտոր, ապա տեսախցիկը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ շարժում է արձանագրում։ Այս պարագայում քո ծախսերը կրճատվում են ու անընդհատ ստիպված չես լինում տեսախցիկը ցանցին միացված պահել, տեսանյութերը պահպանել, իսկ եթե օրենքն ընդունվի, ապա հարկադրված ես լինելու տեսախցիկը գործարկված վիճակում պահել։ Բացի այդ, ըստ օրենքի, պարտավորվելու ես 15 օր պահպանել տեսագրությունները, իսկ դա նշանակում է նաև տարածքի համար հավելյալ ծախսեր»,- ընդգծեց տեղեկատվական անվտանգության մասնագետ
Հարցին՝ ինչ կլինի, եթե, օրինակ, խանութի սեփականատերը 15 օրվա տեսագրության փոխարեն ունենա 14 կամ ավելի քիչ օրվա տեսագրություն, փորձագետը պատասխանեց․
«Դա նշանակում է, որ օրենքի պահանջը չի կատարել, իսկ դրա համար կարող են որոշակի տույժ կիրառել։ Նմանատիպ ձևակերպումները հատուկ կարգով հավելյալ պետք է օրենքով սահմանվեն, բայց, այո, ստացվում է որ դուք օրենք եք խախտել ՝ անկախ ձեր կամքից։ Կարող է լինել նաև այնպիսի դեպք, երբ ինչ-որ մեկը փորձի