Ինչու են հայ հոգևորականները թիրախ դարձել Երուսաղեմում. Բեդիկ Կիրակոսյան

02 Փետրվարի 2026, 18:00

Քաղաքականություն

Օրեր առաջ Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը, երբ հրեա ծայրահեղականը թքեց հայ հոգևորականի ուղղությամբ, կրկին առաջ բերեց հարցեր հայկական համայնքի անվտանգության և պաշտպանվածության վերաբերյալ։

AlphaNews-ի հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը նշել է, որ նման դեպքերը, ցավոք, նորություն չեն։

«Թքելը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ թե՛ վանքից դուրս գալիս, թե՛ Տիրոջ Գերեզմանի տաճար գնալիս»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը դարձել է մշտական սպառնալիք հայ հոգևորականների առօրյայում։

Նրա խոսքով՝ միջադեպից հետո որոշ հրեա հոգևորականներ արձագանքել են տեղի ունեցածին։ Մասնավորապես, երկու ռաբբիներ հրապարակայնորեն հայտարարել են, որ դեմ են նման վարքագծին։

Բացի այդ, Իսրայելում գործող մոնիթորինգային կազմակերպություններից մեկը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ քրիստոնյաների դեմ ուղղված միջադեպերը հատկապես հայկական թաղամասում զգալի աճ են գրանցել։

«Մոնիթորինգ իրականացնող կազմակերպության տվյալներով՝ երկու ամիս առաջ արձանագրված խնդիրների մոտ 40 տոկոսը վերաբերում էր քրիստոնյաների դեմ գործողություններին հայկական թաղամասում, իսկ հաջորդ ամիս այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 43 տոկոսի»,- ընդգծել է Կիրակոսյանը։