Ինչպե՞ս է ընդհանրապես առաջացել «ադրբեջանցիներ» անվանումը․ Տիմոֆեյ Երմակով
29 Օգոստոսի 2025, 21:52
Լրագրող և ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի՝ Խորհրդային Միության կողմից «օկուպացիայի» մասին, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած պայմանավորվածությունները, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկիր դարձնելու, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման «դրական դերի» մասին։
«Իհարկե, 11-րդ բանակի կողմից Ադրբեջանի տարածքի ոչ մի օկուպացիա չի եղել։ Եթե հիշենք պատմությունը, այդ պահին այնտեղ գործում էին բրիտանական ինտերվենտները, որոնք ցանկանում էին Նոբելների նավթարդյունաբերությունը վերցնել իրենց վերահսկողության տակ։ Նրանց դա թույլ չտվեցին անել, և Ադրբեջանի մուտքը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կազմ տեղի է ունեցել կամավոր հիմունքներով։
Ո՞վ է ադրբեջանցիներին ադրբեջանցի անվանել։ Ինչպե՞ս է ընդհանրապես առաջացել այս անվանումը։ Չէ՞ որ մշտապես նրանք լեռնային թաթարներ էին։ Ընդ որում՝ Ադրբեջանում տարածքը, ռեսուրսները, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ծաղկում էին։ Ի դեպ, ծաղկում էր նաև ինտերնացիոնալիզմը։ Բաքուն երբեք ազգայնական ադրբեջանական քաղաք չի եղել։ Այնտեղ ապրում էին և՛ հայեր, և՛ ռուսներ, և՛ հրեաներ, և՛, իհարկե, ադրբեջանցիներ։ Բայց մենք բոլորս հիշում ենք 80-ականների վերջի իրադարձությունները Բաքվում. ինչպե՞ս ադրբեջանցիները «հատուցեցին» այդ համատեղ գոյակցության համար և՛ հայերին, և՛ ռուսներին, և՛ մնացած բոլորին»,- ընդգծել է Երմակովը։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած պայմանավորվածություններին, ապա փորձագետի մոտ հատկապես մտահոգություն է առաջացնում Թրամփի կողմից հայտարարված 907-րդ ուղղման չեղարկումը։
«907-րդ ուղղման չեղարկումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության վրա։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն այդ երկրի ապառազմականացումն է։ Այժմ խաղաղության պայմանագրերի պահանջներից մեկը Ուկրաինայի ոչ դաշինքային, չեզոք կարգավիճակն է։ Բայց զբաղվելով Ուկրաինայով՝ մենք չենք կարող ուժերը երկու ճակատով բաշխել՝ ռազմական գործողություններ և դիվանագիտական ներկայություն մեկ այլ տարածաշրջանում»,- նշել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դե ֆակտո արդեն ՆԱՏՕ-ի մաս է կազմում։
«Սա այն է, ինչ մշտապես ցանկանում էր լինել Ուկրաինան։ Ադրբեջանական բանակում հիմա թուրք գեներալներ են։ Ադրբեջանցի գեներալները վրդովվում էին. «Մեզ մոտ ամենուր թուրքեր են, ի՞նչ է՝ նաև մեր կանանց պետք է տանք նրանց», չեմ հիշում այդ գեներալի ազգանունը, բայց նրան հեռացրին։ Հեռացրին բոլոր նրանց, ովքեր ռուսական կամ խորհրդային ռազմական կրթություն ունեին։ Գլխավոր շտաբը թուրքական է, բանակը՝ թրքացված, հրահանգիչները, զենքը՝ թուրքական։ Ամեն ինչ տեղափոխվել է ՆԱՏՕ-ի ստանդարտների»,- արձանագրել է Alpha News-ի զրուցակիցը։
Երմակովը նշել է, որ Ռուսաստանի դաշնակից երկիրը նմանատիպ պահվածք է դրսևորում, ինչպես Ուկրաինան՝ երկդիմի։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանում ռուս լրագրողների և ծրագրավորողների ձերբակալության թեմային։
«Հուսով եմ՝ այդ մարդկանց կփոխանակեն։ Այլ ելք, ճիշտն ասած, ես չեմ տեսնում։ Կարծում եմ՝ սա կլինի ռազմագերիների փոխանակման նման։ Մեր երկրների միջև սառը պատերազմ է ընթանում։ Քաղաքական հայտարարությունները կոշտ են։ Ադրբեջանը հրապարակայնորեն կանգնեց Ուկրաինայի կողքին, թեև նախկինում էլ էր օգնում։ Խաղում էին «Ստանդարտ օյլ». ասում էին՝ պատերազմից փող կաշխատենք։ Բայց մենք դաշնակցային պայմանագիր ենք ստորագրել։ Նմանատիպ պայմանագիր վերջերս ստորագրել են նաև Իրանի հետ։ Բայց ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը որևէ դաշնակցային պարտավորություն կատարի։ Իրավիճակը վատանում է, և ամենայն հավանականությամբ, ձերբակալված ռուսներին կփոխանակեն ադրբեջանցի ավազակների հետ»,- կարծում է Երմակովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Արցախից ռուս խաղաղապահների հեռանալն, իբր, դրական քայլ է, Երմակովը դա ծաղր է անվանել։
«Դա ծաղրական հայտարարություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության մասին վաղուց խոսք չկա։ Սյունիքի մարզի որոշ հատվածներ գրաված զորքերը դեռ այնտեղ են։ Ավելին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանին կզրկի տարածքի զգալի մասից և Իրանի հետ սահմանից։ Դա կթուլացնի երկիրը և փաստացի կզրկի նրան ռազմավարական հարևանից։ Ինչպիսին էլ այն լինի, միևնույն է, դա կարևորագույն սահման է»,- եզրափակել է Տիմոֆեյ Երմակովը։