Ինչպե՞ս հայազգի ռեփեր R-Mean-ը The Game-ին ու Nas-ին համախմբեց Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնման շուրջ

01 Հունիսի 2023, 14:15

Հայեր

Ամերիկահայ ռեփեր Արմին Հարիրին, որն առավել հայտնի է R-Mean բեմական անվամբ, օրերս թողարկել է իր նոր՝ MEAN ալբոմը, որը մի շարք առանցքային համագործակցություններից զատ՝ ներառում է նաեւ զուգերգ աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Nas-ի հետ։ Տարիներ առաջ Արմինն իր մասին լսելի դարձրեց The Game-ի հետ Lost Angels երգով, իսկ անցած տարի Երեւանում բացեց 50 Cent-ի մենահամերգը։

Հայազգի ռեփերը զգալի աշխատանք է տանում նաեւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնման գործում։ 2013-ին, ձայնագրելով իր Open Wounds երգը, նա անդրադարձավ հայերի պատմության ամենադաժան էջին, այնուհետեւ սկսեց համանուն շարժումը՝ շարունակելով պատմել ցեղասպանության մասին։ Նրա շարժմանն իրենց աջակցությունը հայտնեցին մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, The Game-ը  եւ ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը։

NEWS.am STYLE-ը R-Mean-ի հետ զրուցել է նոր ալբոմի, հայկական արմատների ու համաշխարհային աստղերին Հայաստանի պատմության ցավոտ էջերի շուրջ համախմբելու մասին։  

R-Mean 3.JPEG (84 KB)

Արմին, նախ եւ առաջ, շնորհավորում եմ Ձեր նոր՝ MEAN ալբոմի թողարկման առթիվ․ ո՞րն էր Ձեր ոգեշնչումը՝ այն ստեղծելիս։

Շնորհակալ եմ։ Այս ալբոմի ստեղծումը մի ամբողջ ճանապարհորդության գործընթաց էր։ Ես դրա շուրջ սկսել էի աշխատել լեգենդար պրոդյուսեր Աքոթ Սթորչի հետ մինչեւ պանդեմիան, եւ քանի որ նրա հետ էի աշխատում, վստահ էի, որ դա լավ առիթ էր, որ ստեղծեի իմ լավագույն երաժշտությունը։ Այդպիսով, որոշակի ժամանակում ստեղծեցի մի բան, որը կարծում եմ՝ իսկապես արժեքավոր է։ Ես գիտեի, որ ցանկանում էի ստեղծել մի ալբոմ, որը կպահպաներ իմ ներածական պատմությունների եւ մեղեդայնության ներդաշնակությունը՝ միքսված բիթերի հետ։ Գիտեի, որ այս ալբոմում կունենամ այս երկու աշխարհների լավագույն նմուշները։ Երբ պանդեմիա հայտարարվեց, իհարկե, մենք որոշ ժամանակով դադարեցրինք աշխատանքները, ծրագրերն էլ փոխվեցին, ինչպես աշխարհում շատերի մոտ։ Բայց մենք, ի վերջո, այն կյանքի կոչեցինք։

MEAN Cover.jpg (220 KB)

Ձեր հետեւորդներին խնդրել էիք կիսվել, թե որն է ալբոմում իրենց սիրելի երգը։ Ձեզ նույն հարցն եմ ուզում ուղղել՝ ո՞րն է Ձեր ամենասիրելի երգը՝ այն մեկը, որն ավելի մոտ է Ձեր ներկայիս ապրումնեին։ 

Արտիստի համար այս հարցին պատասխանելը նույնն է, ինչ մոր համար, որին կհարցնեին, թե իր երեխաներից ում է ամենից շատ սիրում (ծիծաղում է)։ Դժվար է ընտրություն կատարելը, բայց, ամեն դեպքում, կառանձնացնեմ Triumph-ն ու Overnight-ը, քանի որ այս երգերում, իսկապես, նկարագրված է իմ ճանապարհորդությունը, եւ այն ամենը, ինչ պահանջվել է այնտեղ հասնելու համար։ Սրանք անձնական են, բայց շատ ոգեշնչող։ Իհարկե, կառանձնացնեմ նաեւ Nas-ի հետ զուգերգը՝ Candle of the devil-ը, որը միշտ հատուկ տեղ կունենա իմ սրտում։ 

Mean-Back 5 Kopie.jpg (239 KB)

Ի դեպ, Ձեր հարցազրույցներից շատերում նշել եք, որ մինչ Ձեր սեփական կարիերան սկսելը Nas-ը, որպես ռեփեր, Ձեզ շատ է ոգեշնչել։ Ինչպե՞ս հաջողվեց այս համագործակցությունը։ 

Սա մի երազանք էր, որն իրականություն դարձավ։ Իսկապես, չէի էլ կարող սպասել նման բանի, չէի կարծում, որ մի օր ես՝ ոչ այնքան ճանաչված հայ արտիստս, կհամագործակցեմ այսպիսի ճանաչւմ վայելող երաժշտի հետ։ Բայց այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, երբ նպատակդ հասցնում ես տիեզերքին ու ջանասիրաբար աշխատում այդ ուղղությամբ։ Թե ինչպես այս համագործակցությունը ստացվեց, շատ հատուկ պատմություն է։ 2016 թ-ին ես Nas-ին երգ էի նվիրել, որը կոչվում է Letter to the King: Տարիներ անց նա պատահաբար լսել էր այն, եւ մի օր անակնկալ ձեւով նրանից զանգ ստացա FaceTime-ով. նա ասաց, որ, իսկապես, գնահատում է իմ աշխատանքը, իսկ 3 օր անց մենք հանդիպեցինք ձայնագրման ստուդիայում եւ այդպես՝ շատ համպատրաստից, ստեղծեցինք այդ երգը։ 

Սա միակ իրականացած երազանքը չէ Ձեր դեպքում։ Տարիներ առաջ Դուք զուգերգ ներկայացրիք նաեւ The Game-ի հետ՝ Lost Angels-ը։ 

Այո, The Game-ը եւս իմ սիրելի արտիստներից է, իսկ Lost Angels-ը շատ կարեւոր համագործակցություն էր ինձ համար։ Դրանից հետո միասին եւս երկու երգ ենք թողարկել՝ Fake Mutha-ն (2015) եւ Open Wounds X-ը՝ 2017-ին, որը Հայոց ցեղասպանության մասին իմ երգի ռեմիքս տարբերակն է։ Ինձ համար դա առանձնահատուկ համագործակցություն է, քանի որ նա այդ երգով ներկայացնում էր մեզ՝ հայերիս։ Ո՞վ գիտի, գուցե, ապագայում կրկին աշխատենք միասին։

Nas-ի հետ ձայնագրած Candle of the devil երգի ձեր հատվածում, պատմելով Ձեր կյանքի մասին, Դուք անդրադառնում եք ցեղասպանությանը՝ նշելով, որ ցեղեասպանությունից փրկվածի սերունդ եք։ Տարիներ առաջ, երբ սկսեցիք Open Wounds բարեգործական շարժումը՝ Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու նպատակով, Ձեզ շատ հայտնիների միացան՝ այդ թվում՝ The Game-ը։ Ինչպե՞ս հաջողվեց նրանց պես արտիստներին համախմբել հայերիս համար կարեւոր այս թեմայի շուրջ, հատկապես, երբ այսօր շատերը, պարզապես, նախընտրում են լռել այս մասին…

Իսկապես, եղել են դեպքեր, երբ մարդիկ չեն ցանկացել ասոցացվել այս թեմայի հետ, բայց հասկացել եմ, որ դա, հիմնականում, գալիս է նրանից, թե ինչպես ես պատմությունը ներկայացնում նրանց եւ հանրությանը։ Ամեն ինչ պետք է սկսել սովորեցնելուց։ Ես միշտ փորձել եմ այս արտիստներին ճիշտ ձեւով ներկայացնել, բացատրել պատմությունը, թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ որ դա մինչ օրս շարունակվում է։ Հետո նոր բացատրել եմ շարժման նպատակը, որ այն սկսվել է երգից, այնուհտեւ շարունակվել թեմատիկ շապիկներով, որպեսզի կարողանանք տարածել հաղորդագրությունը։ Սա հիփ-հոփին շատ հատուկ բան է, եւ ես կարծում եմ՝ սա է պատճառը, որ հենց այդ ժանրի արտիստները հարգեցին իմ գաղափարը եւ աջակցեցին դրան։ Հիփ-հոփը միշտ էլ եղել է փողոցի եւ մարդկանց ձայնը։ Ես էլ, որպես հայկական ծագում ունեցող արտիստ, ներկայացնում եմ իմ պատմությունը։

Դուք ծնվել եք Լոս Անջելեսում, մեծացել Ամստերդամում, որտեղի՞ց այսքան կապվածություն Հայաստանի հետ։ 

Այդ ամենը մայրիկիս շնորհիվ է։ Նա միշտ հետեւել է, որ պահենք մեր մշակույթը եւ լեզուն։ Չնայած՝ ես մեծացել եմ Նիդերլանդներում, որտեղ ոչ մի ուրիշ հայ ընտանիք չկար շրջապատումս, ոչ մի հայ ընկեր չունեի, մենք, որպես ընտանիք, միշտ մեզ հայ ենք զգացել։ Մայրս ամեն ամիս պատրաստ էր մեկ ու կես ժամ ճանապարհ հատել ու հասնել քաղաք՝ հայկական հավաքներին մասնակցելու համար, իսկ մեզ ամեն շաբաթ նույնքան ժամում քաղաք էր հասցնում, որպեսզի սովորեինք գրել եւ կարդալ հայերեն։ Այդպես էլ կապված ենք մնացել մեր արմատներին։ Երբ վերադարձա Լոս Անջելես, 18 տարեկան էի, եւ միայն այդ ժամանակ էր, որ միանգամից շատ հայերի ճանաչեցի։ Սկզբում մշակութային շոկ ապրեցի դրանից, բայց հետո, իհարկե, հարմարվեցի։ Լոս Անջելեսում ինձ միշտ տանն եմ զգում։ 

Իսկ կա՞ն հայկական սովորույթներ, տոներ, որոնց հետեւում եք։ 

Կարծում եմ՝ շատերին եմ հետեւում։ 2018 թ-ին, երբ եկա Երեւան, Վարդավառի տոնն էին նշում, եւ ես, իսկապես, հրաշալի ժամանակ եմ անցկացրել։ Սիրում եմ նաեւ Զատիկը։

_45a2865.JPG (104 KB)

Որքա՞ն հաճախ եք լինում Հայաստանում։ Ինչպե՞ս եք սիրում այստեղ անցկացնել Ձեր ժամանակը։ 

Հայաստանում, ընդհանուր առմամբ, եղել եմ 4 անգամ, վերջինը՝  2022-ին։ Դրանից առաջ նաեւ 2018-ին էի այցելել։ Իհարկե, կցանկանայի ավելի հաճախ այցելել։ Կախարդական զգացողություն ես ապրում, երբ քո հայրենիքում ես։ Սիրում եմ ժամանակ անցկացնել երիտասարդների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր զբաղվում են երաժշտությամբ եւ արվեստով, խոսել, ոգեշնչել ու ոգեշնչվել։ Ինձ համար շատ հիշարժան փորձ էր 2018-ին TUMO-ում հիփ-հոփի մասին դասընթացով հանդես գալը։ Երեխաների հետ կապն առանձնահատուկ էր, նրանցից շատերի հետ մինչ օրս կապի մեջ եմ։ Դա օգնեց, որ տեսնեմ, թե ինչքան պոտենցիալ ու տաղանդավոր մարդիկ ունի մեր երկիրը, եւ ես շատ եմ ցանկանում, որ նրանցից յուրաքանչյուրը հասնի իր նպատակին։ 

_45a2962.JPG (83 KB)

Բացի այդ, երբ Հայաստանում եմ, անպայման այցելում եմ Գեղարդ, այն իմ ամենասիրելի վանքն է․ այնտեղի արձագանքը հոգեւոր հատուկ զգացողություն է տալիս, որը ոչ մի այլ վայրում չեմ զգացել։ 
 
Անցած տարի Հրազդան մարզադաշտում ելույթ ունեցաք ՀԱՅԱ փառատոնի շրջանակում՝ բացելով 50 Cent-ի եւ G-Unit-ի երեւանյան համերգը։ Ինչպե՞ս էր հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը։ Հաճա՞խ եք նման առիթներ ունենում։ 

Անմոռանալի պահեր էին։ 2015-ին ես ակումբային փոքրիկ ելույթ եմ ունեցել Երեւանում, բայց այդ մեկն ինձ համար առաջին պաշտոնական ելույթն էր հայ հանդիսատեսի համար, եւ այն, որ դրանով բացում էի 50 Cent-ի համերգը, շատ առանձնահատուկ էր։ Բացի այդ, վստահ չէի, թե ինչպես ինձ կընդուներ հանդիսատեսը, բայց հենց բարձրացա բեմ, այն էներգիան, որը ստացա նրանցից, հրաշալի էր։ 

Որպես հիփ-հոփ արտիստ, 50 Cent-ը որքանո՞վ է Ձեզ ոգեշնչել։

Առհասարակ, Shady, Aftermath, G-Unit… այս շրջանի արտիստներն ինձ շատ են ոգեշնչել, իհարկե, այդ ցանկում են նաեւ Eminem-ը, Dr. Dre-ն եւ 50 Cent-ը։ 

_45a3386.JPG (50 KB)

Հնարավորություն ունեցա՞ք շփվելու նրա հետ․ գուցե, ստացվե՞լ է պայմանավորվել համագործակցության մասին։ 

50 Сent-ի հետ խոսելն, իրականում, հեշտ բան չէ, բայց նրա թիմից շատերի հետ ծանոթացել եմ, շփվել նաեւ G-Unit-ից Թոնի Յայոյի հետ։ Գիտեմ, որ, ամեն դեպքում, գիտի իմ մասին, եւ հույս ունեմ, որ համագործակցություն էլ կստեղծվի առաջիկայում։ 

Այս պահին ինչի՞ շուրջ եք աշխատում։

Հիմա հիմնականում կենտրոնացած եմ իմ MEAN ալբոմը տարածելու ուղղությամբ։ Այնտեղ բավական լավ երգեր կան ներառված։ Բացի Nas-ի հետ համագործակցությունը, կա նաեւ մի երգ՝ Yessir-ը՝ Quavo-ի հետ։ 

Կան ձայնագրություններ՝ Offset-ի, YG-ի, French Montana-ի, Jeremih-ի, Method Man-ի եւ շատ ուրիշների հետ։ 

Այս ամենից զատ՝ պատրաստվում եմ մի քանի նոր տեսահոլովակ ներկայացնել։ Մնացած նորություններիս մասին կիմանաք ավելի ուշ։