Ինչպե՞ս Վարդավառը հայտնվեց Disney-ում. Mickey Mouse Funhouse-ի սցենարիստը՝ հայկական դրվագի մասին
17 Մարտի 2024, 10:00
Հայկական Վարդավառը, խորովածը և ավանդական զգեստները՝ Disney-ի «Միքի Մաուսի Զվարճանքների տունը»/Mickey Mouse Funhouse/ մուլտսերիալում: Անիմացիոն պատմության ամենահայկական դրվագի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 1-ին՝ Disney Channel և Disney Junior ալիքներով՝ անմիջապես տարածվելով համացանցի հայկական տիրույթում ու դառնալով բազմաթիվ հայերի քննարկման թեման, որոնք մինչ օրս շարունակում են կիսվել իրենց ոգևորությամբ:
NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում էպիզոդի հեղինակ Քեթլին Սարնելլի Կապուկչյանը նշել է, որ վաղուց էր ցանկանում գրել հայկական պատմվածք՝ հատկապես 2018 թվականին Հայաստան կատարած այցից հետո, որտեղ ամուսինը (Մանվել Կապուկչյան) ամուսնության առաջարկություն էր արել նրան։
«Մարդիկ, սնունդը և ճարտարապետությունը բացարձակապես հիասքանչ էին: Մի օր Գլենդելի այգիներից մեկում տեսա երիտասարդների և տարեցների, որոնք ջուր էին շաղ տալիս միմյանց վրա և զվարճանում: Ես ամուսնուս հարցրի, թե այդ ինչ տոն է, և նա ինձ պատմեց ու ներկայացրեց Վարդավառի մասին: Երբ արդեն հղի էի, ես հասկացա, որ ցանկանում եմ որդուս ներկայացնել նրա մշակույթը», — ասել է նա։
Սերիալում Միքին և նրա ընկերները բացահայտում են տարբեր մշակույթներ և տոնակատարություններ, ուստի Քեթլինը մտածեց՝ «ինչո՞ւ չանդրադառնալ Վարդավառին»:
«Այն, ինչ ինձ իսկապես տպավորեց այս տոնի մեջ, այն էր, որ այն բացառապես հայկական է: Ես երբեք չեմ տեսել մի տոն, որտեղ երիտասարդներն ու տարեցները հավաքվեն ու այդքան զվարճանան միմյանց վրա ջուր ցողելով»,- նշել է նա:
Դրվագը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ամբողջ աշխարհում՝ ոչ միայն հայերի կողմից: Գրողը կարծում է, որ բոլոր երեխաներն, անկախ ազգությունից, սիրել են այն, քանի որ անիմացիոն այս ֆիլմաշարն ուղղված է տարբեր մշակույթների և ավանդույթների ներկայացմանը․
«Mickey Mouse Funhouse-ը հիանալի է նրանով, որ մենք ցուցադրում ենք տարատեսակ ավանդույթներ և երեխաներին ծանոթացնում նոր ու հետաքրքիր տոների հետ: Վարդավառը կատարյալ տոն էր՝ հայ ժողովրդի զվարճանքն ու երջանկությունը ցուցադրելու համար»: