Ինչպես պատերազմը ինձ բերեց Հայաստան, այնպես էլ՝ շատ ռուսների. սիրիահայ գործարար
14 Հուլիսի 2023, 14:57
Սիրիահայ Շանթ Գոչեանը Հայաստան է եկել դեռ 2013-թվականից՝ Սիրիայում պատերազմի պատճառով ու 2015-ից Հայաստանում բիզնեսով է զբաղվում: Ասում է՝ 10-ը տարի է՝ ինչ Երևանցի է դարձել: Շանթ Գոչեանը Երեւանում բար-ռեստորան ունի ու պատրաստվում է նոր հյուրանոց բացել: Կորոնավիրուսից և պատերազմից հետեւանքով առաջացած դժվարություններն արդեն հաղթահարել է, բիզնեսը հատկապես վերջին երկու տարիներին, կարգավորվել է: Դրան նպաստել է նաեւ սլավոնների հոսքը դեպի Հայաստան: Այդ ամենից բացի, ըստ գործարարի, վերջին տարիներին բիզնես միջավայրը փոխել է նաև տուրիստների հոսքը:
«Միանշանակ, դա նոր կոլորիտ է բերում, նոր ճաշակ, նոր գույներ»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Գոչեանը՝ ընդգծելով, որ թեեւ մենք ունենք մեր գույնը, բայց ռուսները, իրանցիները, հույները և շատ այլ ազգեր իրենց են բերում: Նա կատակում է՝ Հայաստանում ռուս ազգին այլևս տուրիստ համարել չենք կարող, նրանք «մեծ փոքրամասնություն են»:
Նշում է՝ ինչպես պատերազմը իրենց՝ սիրիահայերին բերեց Հայաստան, այնպես էլ շատ ռուսների Հայաստան գալու պատճառը պատերազմը դարձավ: Շանթ Գոչեանը Հայաստանում 3-4 բիզնես ունի: Նրա խոսքով ՝ դա վկայում է, որ Հայաստանում բիզնես միջավայրը լավն է:
«Եթե լավ չլիներ, ես է՛լ ուրիշների նման, կարող է և լքեի երկիրը ու գնայի, իբրև թե, ավելի լավ տեղ՝ կարծելով, որ ուրիշ տեղերում ավելի լավ է» :
Ուրախությամբ նշում է՝շուտով հյուրանոցային բիզնես էլ կունենա: Նա նշում է, որ վերջին շրջանում Հայաստանում աշխատուժի հետ կապված խնդիրներ կան, թեեւ նրա բոլոր աշխատակիցները հայազգի են, բացառությամբ մեկի, որը հնդիկ է: Ըստ Գոչեանի, հիմա բոլորը IT ոլորտ են ձգտում:
«Ծառայության ոլորտը չի կարող կայանալ, եթե «առաջնագիծը» թույլ է»,- ասում է Գոչեանը՝ նկատի ունենալով երկրում մատուցողների և սպասարկման ոլորտի աշխատուժի պակասը: Վերջին շրջանում ռուսական ռուբլու անկման նոր ալիքը Գոչեանի բիզնեսների վրա չի անդրադարձել: Նա ենթադրում է, որ պատճառը իր այցելուների՝ բացառապես դոլարով կամ եվրոյով եկամուտ ստանալն է:
Հայաստանում գիշերային կյանքը, հարևան Վրաստանի հետ համեմատ, զարգացած չէ: Երկոյան 11-ից սկսած՝ սրճարաններն ու մյուս հաստատությունները փակվում են, քանի որ, ըստ օրենքի, այդ ժամերից սկսած աղմկել չի կարելի:
«11-ից հետո, օրինակ, Կասկադում շարժը միանգամից ընկնում է»,- նշում է նա՝ հավելելով, որ հակառակը կխթաներ սպասարկամն ու տուրիզմի ոլորտները: Տուրիստները Գառնի-Գեղարդից հետո ցանկանում են իրենց հանգիստը քաղաքում անցկացնել, մինչդեռ, կյանքն արդեն 23:00-ից Գոչեանի բնութագրմամբ «քուն» է մտնում:
«Ամռանը Երևանի ժողովուրդը գնում է հանգստանալու՝ ծով, արև, իսկ մեր երկրում հոսքը շատանում է սփյուռքահայերով, դրսի տուրիստներով»,- ներկայացնում է սիրիահայ գործարարը՝ հավելելով, որ տարվա մյուս ամիսներին իր այցելուների մեծամասնությունը տեղացիներն են:
Շատ սիրիահայեր չկարողացան դիմանալ Հայաստանում և գնացին այլ երկրներ բիզնես անելու՝ հետո հասկանալով, որ այլ տեղերում ավելի լավ չէ:
«Հարկերն ավելի շատ են, այստեղի կյանքը չկա»,- ուրախությամբ արձանագրում է սիրիահայ գործարարը: