Ինչպիսի՞ն է իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում

23 Հունվարի 2024, 00:53

Քաղաքականություն

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում ցուցարարների հսկողությունը շարունակվում է։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Երուսաղեմի «Հայ Դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։

Նա ասել է, որ ակտիվ տեղեկատվական աշխատանք է տարվում նաեւ «Կովերի այգու» նշանակությունը բացատրելու համար։

«Իրավիճակն այժմ հանգիստ է։ Այլ նորություն չկա»,- հավելել է Սեւանը։

Երկու շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ նախկինում Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք տեղափոխված ծանր տեխնիկան հանվել է։

Դեկտեմբերի 28-ին ցուցարարների վրա վերջին հարձակումից հետո նույնպես միջադեպեր չեն գրանցվել։ Հիշեցնենք, որ այդ օրը մի խումբ դիմակավորված անձինք՝ զինված փայտերով, արցունքաբեր գազով նռնակներով և այլ միջոցներով հարձակվել էին Երուսաղեմի հայկական «Կովերի այգում» գտնվող հայերի վրա։

Նշենք, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նախկինում «Կովերի այգու» տարածքը 99 տարով վարձակալել էր հրեա ձեռներեցին։ Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, և երկար պայքարից հետո գործարքը խզվեց։ Սակայն, ավելի ուշ, ընկերության բուլդոզերները, որին էլ տարածքը վարձակալության էր հանձնվել, սկսեցել էին քանդել վիճելի տարածքի մի մասը։ Երբ ցուցարարները փորձեցին դադարեցնել այդ գործողությունները, հայտնվեցին զինված իսրայելցի հրեա վերաբնակիչներ, ովքեր փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն անհաջող։