Ինչքան հնարավոր լինի՝ մանկապարտեզները գործելու են. Արցախի ԿԳՄՍՆ նախադպրոցական կրթության բաժնի վարիչ
22 Օգոստոսի 2023, 10:48
Արցախի ԿԳՄՍՆ նախադպրոցական կրթության բաժնի վարիչ Էլմիրա Հովհաննիսյանի խոսքով՝ նախկինում մանկապարտեզի միրգն ու բանջարեղենը մատակարարվում էր Մարտունու շրջանից։ Այժմ, վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ դժվարություն կա դրանք քաղաք հասցնելու համար։ Սաներին նախաճաշին, Հովհաննիսյանի փոխանցմամբ, կաթնամթերք էին տալիս նախկինում, բայց կաթի գործարանն էլ է փակվել, հիմա միայն ջեմով են կարողանում ապահովել։ Ստեփանակերտի մանկապարտեզները 10,5-ժամյա են՝ երեք անգամյա սննդով, որի բազմազանությունը, համապատասխան կալորիականությունը սակայն չեն կարողանում ապահովել։
«Հանրապետությունում գործում է 42 մանկապարտեզ, որից 32-ը՝ պետական, 7-ը՝ բարեգործական և 3-ը՝ լիցենզավորված։ Մանկապարտեզների ընդունելությունն սկսված է, խմբերից խումբ տարիքային փոփոխություններն արդեն արված են: Եղած հնարավորությունները դեռ օգտագործվելու են և ինչքան հնարավոր լինի՝ մանկապարտեզները գործելու են»,- նշել է Էլմիրա Հովհաննիսյանը։
Տրանսպորտի բացակայության պատճառով ծնողները՝ երեխաների հետ, ստիպված, ոտքով երկար ճանապարհ են անցնում, որի հետևանքով երեխաների հաճախելիությունը նվազել է։ Աշխատող ծնողները մանկապարտեզ են բերում երեխաներին, բայց չաշխատողները հնարավորության սահմաններում տանն են պահում: Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Ռենա Բարխուդարյանի խոսքով՝ զվարճալի խաղերով, տիկնիկային թատրոնով, բնության գրկում կազմակերպվող խաղերով, հաջողվում է դրական լիցքեր հաղորդել երեխաներին։