Ինձ չի թվում, թե այսօրվա իշխանությունները Արցախի պետականությանը վնասող որոշումներ կկայացնեն. Դավիթ Գալստյան
11 Սեպտեմբերի 2023, 23:16
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի տեղեկություններով՝ այսօր մանդատից հրաժարված «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն առաջիկայում հնարավոր է՝ նշանակվի պետնախարարի պաշտոնում:
«Մեկ շաբաթ հետո նրա լիազորությունները դադարելու են, եթե այդ ընթացքում նա դիմումը հետ չվերցնի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը:
Սեպտեմբերի 9-ին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սամվել Շահրամանյանը դեռ որեւէ նշանակում չի արել: Դավիթ Գալստյանի խոսքով՝ պետք է անհապաղ նոր կառավարություն ձեւավորել ու իրավիճակին լուծում տալ:
«Ժամ առ ժամ խորացող ճգնաժամը պետք է հանգուցալուծվի: Նոր նախագահից ակնկալիքներ կան, բայց սա մեկ մարդու գործ չէ եւ մեկ օրվա գործ չէ: Շրջափակման մեջ շատ ռեսուրսներ ենք սպառել, այսօրվա ունեցած ռեսուրսներով պետք է այսօր ճիշտ կողմնորշվենք ու դիմադրողականությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ակնայի ճանապարհով օգնություն ուղարկելու շուրջ հնչած քննադատություններին՝ պատգամավորն ասաց. «Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սամվել Շահրամանյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է ունեցել եւ կառավարությունը որոշում է կայացրել՝ թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը: Այդ հանդիպմանը խորհրդարանական ուժերը ներկա են եղել: Այս որոշման մասին Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է ակտիվին՝ ասել, որ ակնկալում է ըմբռնումով մոտենալ այդ որոշմանը:
Նախորդ իշխանության ժամանակ նման մոտեցում չկար: Նախորդ իշխանությունները, որոշումներ կայացնելուց առաջ, հասարակության հետ չէին հանդիպում, եւ տեղեկացնում այդ մասին: Սեպտեմբերի 9-ին պարոն Շահրամանյանը, ակտիվի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ որոշումը կայացրել են Արցախի իշխանությունները եւ պատասխանատվություն են կրելու՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք երբեք որոշում չէին կայացնում եւ հանդիպումների ժամանակ ասում էին՝ եկել ենք ձեզ լսելու: Սա արդեն առաջխաղացում է:
Հասկանալի է, թե որտեղից է այդ քամին փչում, երբ մի քանի օր ընտրված նախագահին քննադատում են: Բոլորը խոսում են հուզական ֆոնի վրա, բայց ինձ չի թվում, թե այսօրվա իշխանությունները կայացնելու են այնպիսի որոշումներ, որոնք վնասելու են Արցախի պետականությանը, համոզված եմ, որ այդ որոշումները բխելու են Արցախի ու Արցախի ժողովրդի շահերից»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը: