Ինձ համար արժանապատվությունն ու հայրենիքն ամեն ինչից վեր են․ Միքայել Միքայելյան

08 Հունվարի 2026, 14:34

Սպորտ

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում անցկացված հեղինակավոր «Tour de Ski» մրցաշարի փուլերից մեկի ժամանակ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ մարզիկ նկատմամբ այն բանից հետո, երբ Միքայելյանը կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում 26-ամյա մարզիկը պատմել է, որ համազգեստը ստացել է մրցումի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ և միայն վազքուղի դուրս գալուց առաջ է նկատել երկրի անվան գրությունը։ Նրա խոսքով՝ գիտակցաբար հրաժարվել է այդ լոգոտիպով մեկնարկելուց և փակել է այն՝ գիտակցելով հնարավոր հետևանքները։

«Ես փակեցի գրությունը և դուրս եկա մեկնարկի։ Ինձ համար արժանապատվությունն ու իմ հայրենիքն ամեն ինչից վեր են։ Ժյուրին դա նկատեց մրցումներից հետո։ Ես բացատրեցի պատճառը, նրանք ասացին, որ հասկանում են, բայց Միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն»,- նշել է Միքայելյանը։