Ինձ համար հայրենիքը սկսվում ու ավարտվում է Արցախով․ Արթուր Խաչենց

03 Հոկտեմբերի 2024, 22:00

Հայեր | Մշակույթ

Ցանկացած արցախցի պետք է հասկանա՝ միգուցե նա վերջին սերունդն է, որ կրում է Արցախի բարբառը, ու չմերվի, չխառնվի, չկորցնի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասում է երգիչ Արթուր Խաչենցը, ով Արցախից խոսելիս ամեն բառն ասում է քնքշությամբ ու մեծ կարոտով:

«Հադրութի կորստից հետո, երբ ավարտում էի Կոնսերվատորիան, հիմնեցի «Հայի գեն» ստուդիան, որտեղ 2 սենյակ ունեի, մինչ օրս էլ աշխատում եմ թե՛ ես, թե՛ ընկերներս: Սենյակներից մեկը Հադրութ եմ անվանել, մյուսը՝ Շուշի: Մենք այսօր փաստացի Արցախ հողատարածք չունենք, ու շատ դժվար է պայքարել նրա համար, երբ հենց այդ տարածքի վրա չես, բայց կա մեկ այլ զենք՝ ձայնի տեսքով, կիթառի, խոսքի, բարբառի տեսքով, որը, ցավոք, վերջին նմուշն է Արցախից: Դու Արցախից բերված դրոշով, զինանշանով չես արցախցի, կամ մեր զոհված տղաների հիշատակով չէ, որ պետք է հիշենք Արցախը: Ցանկացած արցախցի պետք է հասկանա՝ նա միգուցե վերջին սերունդն է, որ կրում է Արցախի բարբառը, ու չմերվի, չխառնվի, չկորցնի իր բարբառը հատկապես Սփյուռքում: Մենք արցախցի ենք, եթե Արցախի բարբառով ենք խոսում»,- ասում է մեր զրուցակիցը:

Երգիչն իր խոսքում նշում է՝ Արթուր Խաչենցն ուղղակի դեմք ու անուն է, որով կարողանում է ներկայացնել ու պահպանել Արցախը:

«Ես իմ կյանքն ապրում եմ Արցախով, մեր բարբառով խոսելով, երգելով: Ես կորցրել եմ Արթուր Խաչենցին, ու ինձ համարում եմ Արցախ: Արթուր Խաչենցն ուղղակի դեմք ու անուն է, որով ես կարողանում եմ Արցախը ներկայացնել, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ինձ համար հայրենիքը սկսվում է Արցախով, պտտվում ամբողջ աշխարհով ու էլի գալիս ավարտվում Արցախով: Ինձ համար Հայաստանը հենման կետ է իմ տուն վերադառանալու համար, դրա համար եմ ես այստեղ ապրում ու ստեղծագործում: Ասում են՝ դու ընդամենը ծննդավայրդ ես կորցրել, Հայաստանին էլ կարող ես տան պես վերաբերվել, բայց չէ, չեմ կարողանում: Անինքնասեր ու անինքնություն ապրել ես չեմ կարող, դա իմը չէ, որովհետև ես Արցախն եմ, ու Արցախը նման ձև չի ապրել»,- նշում է Խաչենցը:

Հիմա եթերում