Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ

29 Հուլիսի 2024, 16:47

Կրթություն

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սան Քրիստինա Հայրապետյանը՝ գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել են նաև Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարե Խաչատրյանը և Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հայուհի Միքայելյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։

Հայաստանի թիմի մասնակցությունն օլիմպիադային ապահովվել է Jane Street, IQ Soft, Zoomerang ընկերությունների հովանավորությամբ: