Բրյանսկում կկայանա Տիգրան Մուրադյանի նվագախմբի առաջին մեծ համերգը

12 Հոկտեմբերի 2024, 16:55

Մշակույթ

«Բրյանսկի լուրեր» կայքը հոդված է հրապարակել հայ կոմպոզիտոր Տիգրան Մուրադյանի մասին։ Բրյանսկում հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Տիգրան Մուրադյանի հիմնադրած «NONOTTI» նվագախմբի առաջին մեծ համերգը։

Հոդվածում նշվում է, որ կոմպոզիտորի ստեղծագործական ուղին սկսվել է Հայաստանում, իսկ այսօր նրա երաժշտությունը հնչում է Բրյանսկում։

«Մի օր նա նստել է սինթեզատորի մոտ և սկսել է ստեղծագործել՝ առանց որևէ նոտա իմանալու։ Այժմ Մուրադյանը դարձել է իր սեփական նվագախմբի ղեկավարը, որը կոչվում է «NONOTTI»։ Նվագախմբի անունը վերաբերում է նրան, թե ինչպես է ստեղծվում Տիգրանի երաժշտությունը: Բացի ստեղծագործելուց, Տիգրանը զբաղվում է ռեստորանային բիզնեսով»,- նշում է հոդվածում։
Հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորը նշել է․

«Ես ուսուցիչներ կամ դաստիարակներ չունեմ: Կյանքն ինքնին ինձ շատ բան է սովորեցրել։ Դժվարությունները ձեզ ավելի ուժեղ են դարձնում։ Իհարկե, ես շատ բան եմ սովորել հորիցս։ Նա հիանալի երաժիշտ էր, շրջագայել է աշխարհով մեկ, շատ բան է տեսել… Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես նվագում էի բարդ դասական գործեր և դրանցից պոպուրի պատրաստում։ Մի օր հանդիպեցի հորս ընկերոջը. նրանք նախկինում միասին ելույթ էին ունեցել Հայաստանում։

Նա զարմացավ, որ ես, առանց նոտաներն իմանալու, այդպես նվագում էի։ Նրա համար նվագեցի մի ստեղծագործություն, որը գրել եմ մոտ 10 տարի առաջ։ Հետո ինձ ասաց՝ տաղանդավոր երաժիշտներ շատ կան, բայց երաժշտություն ստեղծողները շատ ավելի քիչ են։

Այս խոսքերն ինձ համար ելակետային դարձան. ես սկսեցի գրել իմ ստեղծագործությունները, և մի օր մենք միասին նվագեցինք՝ ես դաշնամուր, նա՝ թավջութակ։ Դա իսկական ստեղծագործական պահ էր, և դրանից հետո մենք միասին մի քանի ձայնագրություն արեցինք»։