Ինտերնետի մալուխն անցնում է ադրբեջանաբնակ տարածքներով, հնարավոր են հաճախակի խափանումներ․ Սամվել Մարտիրոսյան
11 Հուլիսի 2024, 23:30
Alpha News-ի ուղիղ եթերում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում ինտերնետ կապի խափանմանը ու նշել, որ դա կարող է լինել ոչ միայն ՀՀ տարածքում, այլև Վրաստանում։
«Տարին մի քանի անգամ ունենում ենք ինտերնետի խափանումներ։ Դրանք կարող են լինել մեր տարածքում կամ Վրաստանում։ Շինարարները տեղյակ չեն՝ որտեղով է ինտերնետի մալուխը անցնում, հաճախ չեն էլ հետարքրվում դրանով։ Մալուխն այնքան խորը չէ, որ հնարավոր լինի դիմակայել շինաշխատանքներին։ Հասկանալի է, որ մալուխն անցնում է այն տարածքներով, որոնք ադրբեջանաբնակ են։ Դա հեշտացնում է նման հնարավոր թիրախավորված գործողությունները մեր ինտերնետ կապի հետ»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնել ինտերնետի մալուխը, որ չվնասվի
«Պետք չէ խոսել ինչ-որ կախարդական փայտիկի մասին, ինչը կփրկի ինտերնետի նման խափանումները։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Եթե այդպիսի բան ենք ուզում, ուրեմն կփրկի արբանյակային էժան տարբերակը։ Էժան է այն, եթե դու դա օգտագործում ես որպես ռեզերվային հնարավորություն ընձեռող։ Պարզ է, որ մալուխն այսօր մնում է ինտերնետի ամենակայուն տարբերակը։ Պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնել ինտերնետի մալուխը»,- եզրափակել է մեր զրուցակիցը։