Իրան-ԱՄՆ լարվածությունը կվերածվի՞ երրորդ աշխարհամարտի. մեկնաբանում է Պույա Հոսեյնին

02 Փետրվարի 2026, 20:00

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի վերաբերյալ շարունակում են հակասական բնույթ կրել։ Մի կողմից նա ընդգծում է Թեհրանի հետ պատերազմ սկսելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ հայտարարում, որ Իրանի իշխանությունները պատրաստ են մասնակցել բանակցություններին։

AlphaNews-ի հետ հարցազրույցում Իրանի հարցերով փորձագետ Պույա Հոսեյնին դիվանագիտական այս փոխհրաձգությունը բնութագրել է որպես «Թրամփյան քաղաքականություն»։

Փորձագետի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփը տարբեր տարածաշրջաններում կիրառում է նույն մեթոդաբանությունը․ նախ՝ առավելագույն ճնշում, կոշտ հայտարարություններ և սպառնալիքներ, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում կատարում է հետքայլ։

«Մենք դա տեսել ենք թե՛ Գրենլանդիայի շուրջ հայտարարությունների, թե՛ Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ: Այսօր ևս Թրամփը փորձում է կիրառել նույն մարտավարությունը՝ առավելագույն ճնշում գործադրելով, սակայն եթե հանդիպի լուրջ դիմադրության, մեծ հավանականությամբ կրկին հետ կկանգնի»,- ընդգծել է փորձագետը։

Միևնույն ժամանակ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Հոսեյնիի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ուժերը կենտրոնացած են Իրանի շուրջ, և զարգացումները կարող են անկանխատեսելի լինել։ Իրանի արտաքին գործերի նախարարն էլ արդեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի։