Իրան-Իսրայել հակամարտությունն առաջիկայում կարող է ուղիղ առճակատմամբ ընթանալ. Ժաննա Վարդանյան
18 Դեկտեմբերի 2024, 21:45
Իրան-Իսրայել հակամարտությունը ուղիղ առճակատումների փուլ է թևակոխել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը:
«Իրան-Իսրայել հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, և դա սկսվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հարձակում գործեց Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչին հետևեց Իրանի արձագանքը։ Ու պատմության մեջ առաջին անգամ Իրանն արդեն սեփական տարածքից հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին: Տեղի ունեցավ ուղիղ առճակատում, որը նաև հետագայում շարունակվեց Իրանի դեմ Իսրայելի հարձակումներով ու նորից Իրանի պատասխան հարվածներով: Ներկա դրությամբ՝ Իրան-Իսրայել հակամարտությունը նաև ուղիղ առճակատումների փուլ է թևակոխել»,- ասել է մեր զրուցակիցը:
Վարդանյանը միաժամանակ նշել է, որ Իրանն ամեն ձևով խուսափում է Իսրայելի հետ պատերազմից:
«Հիմա Լիբանանում ու Սիրիայում իրավիճակ է փոխվել, մասնավորապես՝ Լիբանանում թուլացել է «Հեզբոլլահ»-ը: Իրանը, փաստացի, կորցրել է Սիրիան, որը դիմադրության առանցքի կարևոր օղակ էր հանդիսանում ու նաև «Հեզբոլլահ»-ի հետ ցամաքային կապը հենց Սիրիայի միջոցով էր իրականացվում: Փաստացի այդ առանցքը հիմա թուլացել է ու այն լծակները, որ Իրանն ուներ Իսրայելի դեմ, սահմանափակվել են, ինչն իր հերթին մեծացնում է ուղիղ առճակատման հավանականությունը: Չի բացառվում, որ առաջիկայում Իրան-Իսրայել հակամարտությունը ավելի շատ ուղիղ առճակատման տեսք ունենա ու այն փոխադարձ հարվածները, որին ականատես ենք եղել այս տարվա ընթացքում, այդպես էլ շարունակվեն:
Այս ամենն իր հերթին բարձրացնում է ավելի լայնածավալ գործողությունների հավանականությունը, բայց ամեն դեպքում տեսել ենք, թե իրանական կողմը որքան զգուշավորությամբ է գործում,ամեն գնով փորձում են խուսափել պատերազմից ու անգամ այն գործողությունները, որ իրականացնում են ընդդեմ Իսրայելի, դրանք էլ շատ կանխամտածված են ու հնարավորինս այնպես են անում, որ խուսափեն պատերազմից: Իսկ թե իրականում կլինի պատերազմ նրանց միջև, թե ոչ, կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կանխատեսել»,- եզրափակել է Ժաննա Վարդանյանը: