Իրան ներխուժումն անհնար է, սակայն հարվածները հնարավոր են. Ալեքսեյ Լեոնկով

14 Հունվարի 2026, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանում տիրող իրավիճակը և երկրում ու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։

«Մտավախություններ կան, որովհետև Թրամփը շատ բարձրագոչ հայտարարում է, որ աջակցում է բողոքողներին, պահանջում է, որ նրանք շարունակեն բողոքի ցույցերը, և սպառնում է հարվածներ հասցնել Իրանին, եթե այնտեղ ցուցարարների նկատմամբ որևէ գործողություն ձեռնարկվի։ Իսրայելը կարծես արձագանքում է նրան, բայց այլ կերպ է արտահայտվում։ Նա ասում է, որ պատրաստ է համագործակցություն հաստատել Իրանի հետ, երբ այնտեղ իշխանություն փոխվի, այսինքն՝ նույնպես աջակցում է այս էսկալացիոն ուղղությանը։ Սակայն Իրանը, չնայած երկրի ներքաղաքական իրավիճակում առկա որոշակի հակասություններին, վերահսկողության տակ է վերցրել ամեն ինչ։ Այդ մասին, ի դեպ, առաջին հերթին գրել են չինական լրատվամիջոցները, որոնք, բնականաբար, շատ շահագրգռված են, որ Իրանում լինի կայուն իշխանություն։

Արդյո՞ք կլինի լայնամասշտաբ ներխուժում կամ որոշակի հարվածներ Իրանին։ Ներխուժումն անհնար է։ Բողոքողներին աջակցելու, այսինքն՝ այնտեղ այնպիսի հեղափոխություն իրականացնելու համար, ինչպիսին եղավ Լիբիայում կամ Իրաքում 2003 թվականից հետո (երբ կոալիցիոն ուժերի գործողությունների արդյունքում փոխվեց Սադամ Հուսեյնի կառավարությունը), ԱՄՆ-ն՝ իր և Իսրայելի ողջ ցանկությամբ հանդերձ, չի կարողանա իրականացնել նմանատիպ սցենարներ։ Նույնիսկ Եվրոպան չի կարողանա, եթե փորձեն կոալիցիոն ուժեր հավաքել։ Ժամանակներն արդեն այն չեն, և հնարավորությունները՝ նույնպես։ Սակայն հարվածներն Իրանի տարածքին, սկզբունքորեն, հնարավոր են, և նման բաներ նախկինում էլի են եղել։

Բայց Իրանն այժմ, ավելի ստույգ՝ նրա կառավարությունը, տրամադրված է ավելի արմատական, քան այն ժամանակ, երբ ամերիկացիները փորձում էին զրոյացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Հետևաբար, այժմ տարածաշրջանում իրավիճակը սրվում է, և դա առաջին հերթին ազդում է ոչ թե բուն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի (որի մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը) անվտանգության վրա, այլ նավթի գների վրա։ Թրամփն իր գործողություններով Վենեսուելայի և Իրանի դեմ ցնցել է նավթային շուկան, և նավթի գները սկսել են տատանվել։ Ընդ որում, նա Վենեսուելայի հարցում որևէ էական արդյունքի չի հասել։ Այսինքն՝ Վենեսուելան շարունակում է ապրել որպես անկախ երկիր, և կարծում եմ՝ նա արդյունքի չի հասնի նաև Իրանի հարցում։ Ամեն ինչ միանշանակ չէ»,- կարծում է փորձագետը:

Վերլուծելով, թե Իրանի իրադարձությունները ինչով կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, Alpha News-ի զրուցակիցը գալիս է այն եզրակացության, որ դրանք կարող են ունենալ տնտեսական բնույթ։

«Եթե իրավիճակը սրվի և սկսվեն որոշակի կոնֆլիկտային երևույթներ, դա, իհարկե, կազդի Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մարտտական գործողությունների պատրվակով (եթե այդպիսիք տեղի ունենան Իրանի տարածքում) լոգիստիկ ուղիները կարող են հարցականի տակ դրվել։ Այսինքն՝ նույն անհրաժեշտ բեռների մատակարարումը և այլն: Բայց կարծում եմ, որ եթե այս էսկալացիան հասնի անհավանական չափերի, ապա դա ուղղակիորեն կազդի Հայաստանի վրա։ Եվ այստեղ հարցն այն է, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Հայաստանի ղեկավարությունը Իրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ՝ բարեկամական, թե՞ չեզոք-թշնամական։ Այս հարցը դեռ մնում է անպատասխան»,- եզրափակել է Լեոնկովը: