Իրանցի ռեժիսոր Նավիդ Միհակ. «Ես սիրում եմ Հայաստանը և զգում, որ սա իմ երկիրն է»
29 Մայիսի 2023, 14:00
Ես սիրում եմ Հայաստանը և զգում եմ, որ սա իմ երկիրն է։ Իրանցի ժողովուրդը շատ հատուկ զգացմունքներ ունի իրանահայության և Հայաստան երկրի նկատմամբ, Armenian Mirror Spectator-ին ասել է իրանցի ռեժիսոր Նավիդ Միհակը, փոխանցում է News.am Style-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ այդ զգացումն առաջացել է այստեղ կատարած իր առաջին այցից հետո, երբ զգացել է հայ ժողովրդի ջերմ ու անկեղծ շփումը, ընկերներ գտել արվեստագետների ու հասարակ մարդկանց մեջ։
«Դա առաջացավ իմ գտած ընդհանրության պատճառով: Անցած մի քանի տարիներին Արցախյան պատերազմի և վերջին իրադարձությունների հիմնախնդիրը ստիպել է ինձ և մյուս իրանցիներին ուշադրություն դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների վարքագծին հայ ժողովրդի նկատմամբ։
Իրանի ժողովուրդը և քաղաքական ու հասարակական գործիչները ճնշում են գործադրում կառավարության վրա՝ կանխելու հայկական տարածքների ներխուժումը կամ օկուպացումը»,- ասում է ռեժիսորը, ով վավերագրական ֆիլմեր է նկարահանում և հոդվածներ գրում իրանահայերի մասին։
«Երբ դեռահաս էի, հանդիպեցի մի մարդու, ով Սպահանից էր։ Խոսելով իր ու իր քաղաքի մասին՝ նա նաև պատմեց իր հայ ընկերների ու հարևանների մասին։ Նա որոշ բաներ բացատրեց Սպահանի հայերի կրոնի ու մշակույթի մասին, որոնց մասին առաջին անգամ էի լսում»,-պատմել է Նավիդը։
Թավրիզի համալսարանում սովորելու տարիներին նա ծանոթացել է Թավրիզի և Իրանի ամենահայտնի հայ դերասանուհիներից մեկի՝ Մարուսյա Վահրամյանի հետ։ Նավիդը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել նրա կյանքի մասին, ինչպես նաև վերականգնել մի քանի տարի առաջ բեմադրած վերջին պիեսը։
«Իմ գրած պիեսի սցենարը ոգեշնչեց նրան, զգացի, որ այս ներկայացումը պարտքի վճարումն է հայ մշակույթին, պատմությանն ու արվեստին։
Ներկայացումը կոչվում էր «Կոմիտաս» և, ինչպես անունն է հուշում, պատմում է հայ նշանավոր կոմպոզիտորի կյանքի մասին, ով, ինչպես գիտեք, ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը։
Մարուսիի Վահրամյանի տեսակետն այս հարցում, նրա նվիրվածությունը հայ արվեստին ու հասարակությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, նրա խմբի վերջին հավաքը՝ այս ամենն ինձ գրավեցին»,- ասել է Նավիդը՝ նշելով, որ Մարուսեն այդ ժամանակ արդեն 94 տարեկան էր։
«Փորձեցինք պայմաններ ստեղծել, որպեսզի Մարուսյան սկսի իր աշխատանքը, բայց, ցավոք, առաջին նկարահանումից հետո՝ Մարուսյայի կրտսեր քրոջ մահվան ու նրա հիվանդության հետևանքով, ինչպես նաև խմբի ներսում ծագած այլ խնդիրներով պայմանավորված՝ խումբը ամբողջությամբ չհավաքվեց։
Ես փորձեցի իրագործել նրա վերջին ցանկությունը՝ տեսնել հայ համայնքին պատկանող հին շենքը, որը ժամանակին եղել է դպրոց և արվեստի տարածք։ Բարեբախտաբար, դա տեղի ունեցավ, և նա տեսավ այդ տունը, ու նրա ցանկությունը դարձավ ֆիլմի կարևոր իրադարձություններից մեկը։ Իսկ հետո Մարուսյան մահացավ:
Իրականում հենց դա էլ խթանեց իմ հետաքրքրությունը հայերի և քրիստոնյաների արվեստի նկատմամբ․ դրանից հետո փորձեցի շարունակել իմ գործունեությունը այս ոլորտում»։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանում կտիրի խաղաղություն և անվտանգություն, որովհետև դա իր համար ավելի կարևոր է, քան ֆիլմ նկարելը։
«Երկար տարիներ ծրագրել եմ ֆիլմ նկարահանել Հայաստանում։ Քանի որ որպես անկախ տնօրեն այս պահին նման պայմաններ չունեմ, հույս ունեմ միայն, որ հետագայում ֆինանսական աջակցություն կգտնեմ։
Ամփոփելով ասեմ, որ շատ եմ կարոտում Հայաստանն ու իմ լավ ընկերներին, խաղաղություն ու երջանկություն եմ մաղթում նրա մշակութային ու բարի ժողովրդին։
Հուսով եմ, որ հնարավորություն կլինի, և նորից կմասնակցեմ Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»։