Իրանի ճանապարհի փակման ռիսկը և սպասվող աղետը. Ալեն Ղևոնդյանը՝ իշխանության անգործության մասին

11 Մարտի 2026, 21:15

Քաղաքականություն

Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները, Հայաստանի համար կարող են վերածվել լոգիստիկ, դեմոգրաֆիկ և անվտանգային իսկական աղետի, մինչդեռ ՀՀ իշխանությունները պետական գործիքակազմի փոխարեն հույսը դրել են աղոթքների վրա։ Այս մասին Alpha News-ին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Քաղաքագետի խոսքով՝ Իրանում թիրախների ռմբակոծումը, այդ թվում՝ նավթային հորերի հնարավոր վնասումը, կարող է հանգեցնել մասշտաբային էկոլոգիական աղետի։ Սա իր հերթին կստիպի տասնյակ միլիոնավոր մարդկանց լքել իրենց բնակության վայրերը։ «Մարդիկ, սեփական անվտանգությունից ելնելով, սկսելու են փոխել իրենց բնակության վայրերը։ Դեպի հյուսիս գնալու փոխարեն կա երկու սահմանակից պետություն՝ Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ղևոնդյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 25%-ը կապված է Իրանի հետ, և լոգիստիկ ուղիների խաթարումը ուղիղ հարված է լինելու ՀՀ քաղաքացիների գրպանին։