Իրանի ճանապարհի փակման ռիսկը և սպասվող աղետը. Ալեն Ղևոնդյանը՝ իշխանության անգործության մասին
11 Մարտի 2026, 20:00
Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները, Հայաստանի համար կարող են վերածվել լոգիստիկ, դեմոգրաֆիկ և անվտանգային իսկական աղետի, մինչդեռ ՀՀ իշխանությունները պետական գործիքակազմի փոխարեն հույսը դրել են աղոթքների վրա։ Այս մասին Alpha News-ին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Իրանում թիրախների ռմբակոծումը, այդ թվում՝ նավթային հորերի հնարավոր վնասումը, կարող է հանգեցնել մասշտաբային էկոլոգիական աղետի։ Սա իր հերթին կստիպի տասնյակ միլիոնավոր մարդկանց լքել իրենց բնակության վայրերը։
«Մարդիկ, սեփական անվտանգությունից ելնելով, սկսելու են փոխել իրենց բնակության վայրերը։ Դեպի հյուսիս գնալու փոխարեն կա երկու սահմանակից պետություն՝ Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ղևոնդյանը։
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 25%-ը կապված է Իրանի հետ, և լոգիստիկ ուղիների խաթարումը ուղիղ հարված է լինելու ՀՀ քաղաքացիների գրպանին։
«Ինչպե՞ս են նոր շուկաներ գտնելու և ինչպե՞ս են իրականացնելու դեպի Հայաստան այդ լոգիստիկ ապահովումը։ Դա ուղղակիորեն գնաճ է ենթադրելու բոլոր քաղաքացիների համար»,-ընդգծել է Ղևոնդյանը:
Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նշել էր, թե Հայաստանին մնում է միայն «աղոթել զոհերի հոգիների համար», քաղաքագետը շեշտել է՝ պետությունը եկեղեցի չէ, այն պետք է գործի. «Ոչ թե պետությունը պետք է աղոթի, այլ պետությունը պետք է փորձի բոլոր հնարավոր հարթակները, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել։ Հայաստանի ղեկավարի արտաքին քաղաքական տեքստերը ամենևին չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից»։
Ղևոնդյանը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում դիմագրավել մարտահրավերներին, երբ հետևողականորեն քանդում է հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, քաղաքագետը կարծում է, որ Իլհամ Ալիևը, չնայած իր դիվանագիտական խաղերին, խուսափելու է պատերազմին ներգրավվելուց, քանի որ դա մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար: