Իրանի դեմ ռազմական սցենարը լիովին իրատեսական է. Մալեկ Դուդակով
21 Փետրվարի 2026, 00:00
Ամերիկագետ-քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե որքանով է հավանական ԱՄՆ-ի ռազմական հարվածը Իրանին։
«Ցավոք, պետք է ասել, որ նման սցենարը լիովին իրատեսական է։ Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգներն այս պահին զորքերի շատ մեծ խմբավորում է կենտրոնացրել Մերձավոր Արևելքի տարածքում։ Ամերիկացիներն այժմ ունեն 7-8 ականակիր, մի քանի հարյուր «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ , որոնք կարող են գործադրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածելու համար։ Այսինքն՝ սկզբունքորեն ԱՄՆ-ն ունի ռազմատեխնիկական հնարավորություններ այդ գործողությունն իրականացնելու համար»,- ասել է Դուդակովը։
Փորձագետի խոսքով՝ ամերիկացիների ավելի քան 70%-ը դեմ է էսկալացիային, քանի որ կայծակնային հարվածը կարող է վերածվել ձգձգվող արշավի։
«Կարծում եմ՝ առայժմ ամեն ինչի վրա ազդում է քաղաքական կամքի բացակայությունը, որովհետև մենք լուրջ պառակտում ենք տեսնում Թրամփի վարչակազմում։ Տեսնում ենք նաև, որ ամերիկյան հասարակությունը կտրուկ բացասաբար է տրամադրված նոր էսկալացիայի նկատմամբ։ Հասարակական կարծիքի ցանկացած հարցում ցույց է տալիս, որ ամերիկացիների ավելի քան 70%-ը դեմ է Իրանի հետ հակամարտության սրմանը։ Այս թեման չափազանց ոչ պոպուլյար է և հաստատ Թրամփին միավորներ չի ավելացնի Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին։
Բացի այդ, իհարկե, կան մտահոգություններ, որ Իրանի նկատմամբ որևէ կայծակնային հարված չի հանգեցնի Իսլամական Հանրապետությունում իշխանության փլուզմանը, և այդ դեպքում ամեն ինչ կվերածվի երկարատև արշավի՝ փոխադարձ հարվածներով, իսկ ամերիկյան բազաները պաշտպանելը բավականին դժվար կլինի։ Առավել ևս, որ ԱՄՆ-ում այժմ ՀՕՊ համակարգերի լուրջ ճգնաժամ է նկատվում. իրենց բազմամյա պաշարների մեծ մասը նրանք սպառել են և՛ Ուկրաինայում, և՛ Իսրայելի ու Իրանի միջև տասներկուօրյա պատերազմի ժամանակ։
Այս իրավիճակում տարածաշրջանում ամերիկյան բազաները կարող են ոչնչացվել, եթե Իրանը կոշտ պատասխան տա Միացյալ Նահանգների գործողություններին։ Իսկ իրանական իշխանությունն այժմ ցույց է տալիս, որ, մի կողմից, կարելի է բանակցել ամերիկացիների հետ, բայց եթե նրանք հարվածեն, Իրանն անպայման կպատասխանի։
Կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կընթանա ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը։ Մենք տեսնում ենք, որ Շվեյցարիայում բանակցություններ են տեղի ունեցել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, փոխանակվել են դիրքորոշումներով։ Գործընթացը կշարունակվի։ Եթե հաջողվի հասնել դիվանագիտական բեկման, հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել։ Առայժմ ամերիկացիներն իրենց համար հարմար դիրք են գրավել՝ կիրառելով «մտրակի և բլիթի» սկզբունքը. մի կողմից՝ բանակցություններ, մյուս կողմից՝ ավիակիրների խումբ»,- ասել է Դուդակովը։
Խոսելով «Խաղաղության խորհրդի» մասին՝ փորձագետը նշել է, որ այն ՄԱԿ-ի այլընտրանք չէ։
«Կարծում եմ՝ Թրամփը կցանկանար ստեղծել ինչ-որ այլընտրանքային կառույց, որն իրեն հարմար կլիներ միջազգային խնդիրների լուծման համար։ Առաջին ժամկետի ընթացքում նա փորձում էր գործել միայնակ, բայց գրեթե ոչինչ չստացվեց։ Հիմա նա հավաքում է այն երկրներին, որոնց հետ իրեն հարմար է աշխատել՝ Հունգարիա, Արգենտինա, Պարսից ծոցի միապետություններ, Կենտրոնական Ասիայի երկրներ։ Նրա համար սա շարժում է ճիշտ ուղղությամբ։ Բայց թե կկարողանա՞ նա որևէ հարց լուծել այդ «Խաղաղության խորհրդի» շրջանակներում, բաց հարց է։ Առայժմ այդ կառույցը կփորձարկեն Գազայի հատվածի ճգնաժամի վրա։
Այն ստեղծված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների շրջանակում, ուստի դժվար է խոսել դրա մասին որպես այլընտրանքի։ Ինստիտուցիոնալ կշիռ այն դեռևս չունի։ Ավելին, եթե Թրամփը լքի Սպիտակ տունը 2029 թվականին, կառույցն, ամենայն հավանականությամբ, պատմության գիրկը կանցնի։ Արդյոք այն կփոխի՞ միջազգային անվտանգության ճարտարապետությունը՝ դժվար է ասել։ Եթե նրանց հաջողվի արդյունք ցույց տալ Գազայի հարցում, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այս նախաձեռնության քաղաքական ապագայի մասին»,- եզրափակել է Դուդակովը։