Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում

22 Մարտի 2024, 20:38

Քաղաքականություն

Թեհրանը շատ ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի պահանջով Տավուշի մարզում 4 ոչ անկլավային գյուղեր Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշմանը։

«Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք։ Պետք է ասեմ, որ մենք ուրախ չենք լարվածության մասին խոսույթներով, որոնք դրվում են շրջանառության մեջ։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պետք է երկխոսության միջոցով լուծվի։ Կրակի վրա պետք է ջուր լցնել, եթե նավթ լցնենք, այն կբոցավառվի»,– ասել է դեսպանը։

Հարցին՝ արդյոք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Իրանի դեսպանը պատասխանեց.

«Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի դեմ ոտնձգությունը իրենց համար անընդունելի է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կարմիր գիծ։ Արդյոք Թեհրանը դիրքորոշումը նո՞ւյնը կլինի նաեւ Տավուշի դեմ հնարավոր ոտնձգության դեպքում։ 

«Եթե մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում»,– ասել է դեսպան Մեհդի Սոբհանին։