Իրանի դիրքերը բավականին թույլ են. Նիկոլայ Կոժանով
14 Օգոստոսի 2025, 21:45
Կատարի համալսարանի Պարսից ծոցի հետազոտությունների կենտրոնի դոցենտ-հետազոտող Նիկոլայ Կոժանովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրման վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն Իրանի կողմից ընկալվում են մեծ զգուշությամբ:
«Բնական է, որ Իրանը, հատկապես իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին, մեծ զգուշությամբ է վերաբերվում եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններին։ Թեհրանը դրանում նաև սպառնալիք է տեսնում իր շահերի համար, քանի որ նույն ամերիկացիները կարող են ավելի մեծ հասանելիություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջան։ Հայաստանի և Իրանի միջև պատվիրակությունների փոխանակումը միանգամայն բացատրելի է, որովհետև Երևանի համար շատ կարևոր է հանգստացնել իրանցիներին և ցույց տալ, որ սկզբունքորեն Իրանը մնում է Հայաստանի գործընկերներից մեկը: Ես կարծում եմ, որ Երևանը կշարունակի յուրօրինակ կերպով հավասարակշռել շահերը և կփորձի պահպանել Իրանի հետ գործընկերային հարաբերությունները, թեկուզ՝ հաշվի առնելով նրա բավականին նշանակալի դերն ավելի լայն տարածաշրջանային համատեքստում», — ասել է Կոժանովը։
Փորձագետի խոսքով՝ Իրանը ստիպված կլինի որպես իրողություն ընդունել ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները:
«Բավական է պարզապես մեկ հարց տալ. իսկ ի՞նչ կարող է Իրանն իրականում հակադրել այդ նախագծին այս պահին։ Գրեթե ոչինչ: Դա Իրանում ընկալվում է որպես յուրօրինակ հաստատում այն բանի, որ այժմ նրա դիրքերը բավականին թույլ են։ Մենք արդեն լսում ենք Թեհրանից եկող բավական ամպագոռգոռ հայտարարություններ, բայց դա պետք է ընկալել Իրանի ավանդական արտաքին քաղաքական վարքագծի համատեքստում (եթե չես կարող ինչ-որ բան կանխել, ապա գոնե աղմուկ ստեղծիր այն ամենի շուրջ, ինչը քեզ դուր չի գալիս և լուրջ դեմք ցույց տուր)», — եզրափակել է Կոժանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։