Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը բխում է Հայաստանի շահերից. Վարդան Ոսկանյան

26 Դեկտեմբերի 2023, 21:40

Կարծիք | Քաղաքականություն

Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան երկու ուղղությամբ: Մեկը երկկողմ հարաբերություններն են, երկրորդ՝ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հետևաբար՝ այս ուղղությունը նույնպես չափազանց կարևոր է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հայաստանն,, ըստ էության, կարող է դառնալ նման օղակ, որը կկապի ԵԱՏՄ ամբողջ տնտեսական տարածքը և աշխարհաքաղաքական տարածքը Իրանի հետ: Իրանական կողմից այս արձանագրումն արվել է, այսինքն՝ իրանցիներն էլ հայ-իրանական հարաբերությունները դիտարկում են հենց այս երկու բաղադրիչով: Ուստի, Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը բխում է Հայաստանի շահերից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այսօրվա Հայաստանը կարիք ունի անվտանգության, իսկ այդ անվտանգության ապահովման տնտեսական բաղադրիչներից մեկը կարող է դառնալ հենց ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանի դերակատարության մեծացումը և այդ դերակատարության ամրապնդումը: Այս առումով Իրանի նոր ձևաչափով ԵԱՏՄ-ի հարաբերությունների հաստատումը բխում է ՀՀ-ի շահերից»,- նշել է Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ Հնդկաստանը շահագրգիռ է, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի գոնե մեկ ճյուղն անցնի Հայաստանի տարածքով:

«Ընդհանուր առմամբ, Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի համատեքստում ծրագիրը հանգում է Հնդկաստանին: Հնդկական կողմը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո հաշվի առնելով Պակիստանի ակտիվ ներգրավվածությունը Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններում, չափազանց շահարգիռ է, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի գոնե մեկ ճյուղն անցնի Հայաստանի տարածքով: Այսինքն՝ հնդկական կողմը շահարգիռ է, որ ՀՀ-ն ներգրավված լինի այս միջազգային ծրագրում:

Իրանական կողմը ոչ պակաս շահագրգիռ է այս հարցում, դրա համար կարծում եմ, որ Հայաստանը չպետք է ուշադրություն դարձնի Լուկաշենկոյի հայտարարություններին և պետք է առաջ մղի սեփական օրակարգը: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, իրանական Պարսից ծոց, Սև ծոց տրանսպորտային միջանցքները կարող են Հայաստանի համար նույնպես ապահովել անվտանգության ապահովման կարևորագույն օղակ: Ենթադրաբար՝ ամեն ինչ կախված է մեզնից»,- ընդգծել է Ոսկանյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջ մղի իր օրակարգը, և այն ունի հնարավորություններ ապահովելու ՀՀ-ի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

«Հուրաքանչյուր ոք կարող է կատարել ցանկացած հայտարարություն, այլ խնդիր է, որ ՀՀ-ն պետք է ինքը որպես նախաձեռնող կողմ այս հարցում չափազանց ակտիվ լինի և այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնի: «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, ըստ էության, անհնարին է՝ ի նկատի ունենալով անդրբեջանաթուրքական դաշինքի թշնամական բնույթը:

Հետևաբար Հայաստանի համար կենսական նշանակություն ունի և ռեալիստական է Հյուսիս-Հարավ գործընթացներում մեր ներգրավումը թե՛ տնտեսկան հատվածին, թե՛ հաղորդակցության ճանապարհներին, թե՛ ռազմավարական դաշինքների հետագա ընդլայնմանը: Նորից շեշտում եմ՝ Հայաստանը պետք է առաջ մղի իր օրակարգը, և այդ օրակարգը ունի հնարավորություններ մեր պետությանը բերելու ոչ միայն տնտեսական շահ, այլ նաև ապահովելու մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- եզրափակել է իրանագետը: