Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը հայ արտադրողներին տրամադրել է արտոնյալ պայմաններ

15 Դեկտեմբերի 2025, 10:53

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրային բլոկը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես է Հայաստանի և Իրանի միջև առևտրի վրա ազդել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա մայիսի կեսերին, ուստի դեռևս բավականին վաղ է գնահատելու համաձայնագրի աշխատանքի ազդեցություն ու արդյունքները, քանի որ բիզնեսը նոր է սկսում փորձարկել առևտրային ռեժիմի նոր հնարավորությունները։

Սակայն արդեն հիմա տեսանելի են դրական տեղաշարժեր Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև առևտրում։ Առևտրի տվյալները ցույց են տալիս իրանական շուկա հայկական արտադրանքի արտահանման մատակարարումների ամսական աճ մոտ 8%-ի սահմաններում՝ լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ի վեր։ Հուսով ենք, որ այս դրական միտումը միայն կուժեղանա՝ առևտրի նոր պայմաններին ադապտացվելուն զուգընթաց։

Միաժամանակ, կցանկանայինք նշել, որ բանակցությունների ընթացքում հայ արտադրողների համար ստացվել են նախապատվելի պայմաններ՝ մուտք գործելու իրանական շուկա հետևյալ տեսակի արտադրանքների համար՝ ծխախոտ, շոկոլադ, վաֆլի, ոչխարի միս, գառան միս, ինչպես նաև պաղպաղակ և ջեմեր։

Արդյունաբերական ապրանքների խմբում ազատականացվել են մուտքի պայմանները էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների, հանքային արտադրանքի մատակարարման համար։

Ելնում ենք նրանից, որ հենց այդ ապրանքները կդառնան իրանական շուկայում հայկական արտահանման նոր «աճի կետեր»՝ հայկական տնտեսության մյուս արտահանվող ապրանքների հետ միասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։