Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները

27 Դեկտեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հայտնում է IRNA-ն։

Ամիր Աբդոլլահյանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցային գործընթացը և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

ՌԴ ԱԳ նախարարը շնորհավորել է Իրանին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն համարելով շատ կարևոր քայլ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը անկեղծորեն և անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և այդ դիրքորոշումը չի փոխվի։

Նա նաև մատնանշել է երկու երկրների համագործակցությունը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հարցում և հաշվի առնելով, որ Մոսկվան ավարտել է այս համաձայնագրի իրականացման համար ներքին բոլոր ձևակերպումները, նա ընդգծել է իր երկրի վճռականությունը՝ արագացնելու այդ ծրագրի իրականացումը։