Իրանի ու Ռուսաստանի կարմիր գիծը. Թեհրանն ահազանգել է Հայաստանը երկու մասի բաժանելու եւ Իրանը Հայաստանից կտրելու վտանգի մասին
13 Հուլիսի 2023, 16:23
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը: «Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից»,- Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածում շեշտել է նա՝ ընգծելով, որ Իրանն ու Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։
Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա:
Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։
Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը։ Ցավոք, ուկրաինական բախումների լուրջ և բարդ խնդիրը որոշակի անփույթ վերաբերմունք է առաջացրել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հետին պլան է մղվել 3+3 բանաձևը, որն ի սկզբանե ընդունվել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Եվ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) միջամտության և անօրինական ու կոռուպցիոն ներկայության վայր է, և եթե այս միտումը շարունակվի, ապա այս շատ զգայուն տարածաշրջանը գործնականում կվերածվի անվտանգության սպառնալիքի։
Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և գիտենան, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», — գրել է իրանցի պաշտոնյան։