Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը խիստ քննադատել է Ադրբեջանին՝ Իսրայելի ռաբբիների գագաթնաժողով անցկացնելու համար

13 Սեպտեմբերի 2025, 16:55

Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խիստ քննադատել է Ադրբեջանում իսրայելցի ռաբբիների գագաթնաժողով անցկացնելու մասին հաղորդագրությունները՝ այդ քայլն աննախադեպ և հակաիսլամական անվանելով, հաղորդում է Mehr-ը։

Վելայաթին զարմանք և ափսոսանք է հայտնել, միաժամանակ, հույս է հայտնել, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է կատարում, որը խաթարում է իսլամը և շիականության համաշխարհային հեղինակությունը»,- ասել է նա։

Ընդգծելով Ադրբեջանի «իսլամական ժառանգությունը»՝ Վելայաթին նշել է, որ ադրբեջանցի ժողովուրդը, որը գրեթե 1200 տարի մուսուլման է եղել, անպայման կմերժի նման արարքը։

Նա զգուշացրել է, որ գագաթնաժողովի նպատակը կարող է լինել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերի» գործողության երկարաձգումը և, հնարավոր է, Ադրբեջանին այդ համաձայնագրում ներգրավելը։

Վելայաթին կասկածի տակ է դրել նաև Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ՝ վկայակոչելով մուսուլմանական երկրների դեմ Իսրայելի թշնամական գործողությունները։

Հիմա եթերում