Իրանի Հայ արհեստավորների միության համագործակցությամբ տեղի է ունեցել Մայիս 28-ի 105-ամյակին նվիրված միջոցառում

27 Մայիսի 2023, 22:10

Մշակույթ

Ալիք-ի փոխանցմամբ՝ մայիսի 26-ի երեկոյեան Մայիսեան ոգով տոգորւած հայրենակիցները համախմբւել էին «Արարատ» մարզաւանում, ուր իրականացաւ գեղարւեստական յայտագիր եւ դաշտահանդէս, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան համագործակցութեամբ: Ցուցադրւեց Մայիսեան ոգին փոխանցող տեսաֆիլմ:

Գեղարւեստական բաժնում երաժշտական կատարումներով եւ ասմունքներով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Մանկապատանեկան երաժշտա-թատերական խումբը Արմէն Ասատրեանի եւ Էրւին Գալստեանի ղեկավարութեամբ, «Արարատ» երգչախումբը Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ եւ «Արարատ» պարային համոյթը Լինետ Սարգսեանի, Ալմարա Շահմիրեանի եւ Թառա Մալխասեանի ղեկավարութեամբ: Միջոցառմանը երգերի կատարմամբ հանդէս եկան Հայաստանից հրաւիրւած երգչուհի եւ երգիչ Եւա Եգանեանը եւ Մաւր Մկրտչեանը:

Հանդիսութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտ. Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ԻԻՀ-ում ՀՀ հիւպատոս Արթուր Սարգսեանը եւ դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով ներկաներ:

Միջոցառումները իրականանում են համադրութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի: