Իրանի մտահոգությունը միանգամայն բնական է. Օլեգ Բլոխին

27 Օգոստոսի 2025, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Սյունիքով անցնող հաղորդակցությունների շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևան այցից հետո X սոցցանցի իր էջում գրել էր. «Մեր ընդհանուր սահմանին երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ մեր մտահոգությունները պետք է փարատվեն»։

«Իրանի նախագահի՝ «Թրամփի միջանցքի» վերաբերյալ մտահոգության առնչությամբ կարելի է ասել, որ, ըստ էության, ցանկացած մեկը կմտահոգվեր, քանի որ նրա սահմանի ևս մեկ հատվածում կավելանա ոչ բարեկամական երկրի ներկայությունը: Այսինքն, նա արդեն ունի Ադրբեջանի հետ խնդրահարույց հատված, որը բացահայտ բարեկամություն է անում Իսրայելի հետ և կարող է ցանկացած պահի խնդիրներ ստեղծել Իրանի համար։ Եվ դրան գումարվում է նաև այդ միջանցքը, որտեղ ներկա կլինեն, ինչպես ես եմ հասկանում, նաև Միացյալ Նահանգները։

Հասկանալի է, որ ցանկացած պետություն առնվազն մտահոգություն կհայտներ, իսկ առավելագույնը՝ տագնապ կբարձրացներ։ Եթե որևէ պետության սահմանի բավականին էական հատվածում նման բան կազմակերպվեր, ապա այդ պետությունն անխուսափելիորեն կմտահոգվեր: Չգիտեմ՝ ինչպես կարելի է Իրանի նախագահին հանգստացնել՝ ինչ փաստարկներով կամ համոզմունքներով, ուստի ամեն ինչ միանգամայն բնական է և կանխատեսելի»,- ասել է Բլոխինը:

Հիմա եթերում