Մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը. Իրանի ԱԳ նախարարը հուսով է՝ այն Հարավային Կովկասում խաղաղության հիմք կստեղծի

23 Հոկտեմբերի 2023, 17:58

Քաղաքականություն

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ հանդիպումը կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության համար: Բացի այդ, ըստ Աբդոլլահիանի, այն կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար:

Տարածաշրջանային երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը չի մասնակցում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում է: Նրան ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին :

Զրուցակիցները արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: