Իրանի ներքին անկայունությունը ձեռնտու է ԱՄՆ-ին և Իսրայելին. Իրինա Ֆյոդորովա

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահվանը։

Արևելագետի կարծիքով՝ Իրանի նախագահի մահը ձեռնտու է այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում լարվածության սրմամբ:

«Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներն ասել են, որ դա տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների և եղանակային պայմանների արդյունքում, բայց եթե դիտարկենք, ապա ես կարծում եմ, որ դա կարող է ձեռնտու լինել առաջին հերթին այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Մահվանից մի քանի օր առաջ Իրանի ղեկավարությունը հանձնարարել էր Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Եվ թեև կոնկրետ արդյունք չի եղել, այնուամենայնիվ, այս քայլը ցույց է տալիս, որ երկու երկրները՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Իրանը, որոշակիորեն շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ։ Ո՞ւմ դա չի հետաքրքրում: Դրանում շահագրգռված չէ Իսրայելը, քանի որ, եթե Իրանին հրահրեն Իսրայելի դեմ ինչ-որ կոշտ ռազմական գործողությունների,, ապա այդ դեպքում Իսրայելը կդառնա Իրանի հարձակման զոհը, և, իհարկե, Իսրայելի նման կերպարը շատ ձեռնտու կլինի պարոն Բինիամին Նեթանյահուին (Իսրայելի վարչապետ)», — ասել է Ֆյոդորովան:

Փորձագետը միաժամանակ նշել է, որ Իրանում ներքին անկայունությունը ձեռնտու է և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին:

«Միացյալ Նահանգների շահերն այստեղ ավելի չեզոք են։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է և՛ մեկին, և՛ մյուսին հարմարվել։ Իսկ ահա Իսրայելի համար Իրանի հետ կապված իրավիճակի սրումը ձեռնտու է։ Սակայն, եթե Ռայիսիի մահը հանգեցնի Իրանում ներքաղաքական հակասությունների սրմանը, ապա, իհարկե, դա ձեռնտու կլինի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին», — եզրափակել է Ֆյոդորովան։