Իրանի նոր առաջնորդը և TRIPP-ի ճակատագիրը
03 Մարտի 2026, 19:00
(Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տարածաշրջանում նոր իրողություններին)
«Վերջին օրերի իրադարձությունները, որոնք ծավալվել են Հարավային Կովկասի սահմանների անմիջական հարևանությամբ, ստիպում են վերանայել պետական համակարգերի կենսունակության մասին հաստատված պատկերացումները՝ համատարած արտաքին ճնշման ներքո:
2026 թվականի փետրվարի 28-ի առավոտյան իրանական կառավարման կենտրոններին հասցված զանգվածային հարվածը հետապնդում էր ակնհայտ նպատակ՝ իշխանության ակնթարթային ապակազմակերպում և երկրի ընկղմում քաոսի մեջ: Սակայն մարտի 2-ի իրականությունը հակառակն է փաստում. իրանական ապարատը, ներառյալ կանոնավոր բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ցուցաբերեցին աննախադեպ տոկունություն:
Ալի Խամենեիի մահը հենց առաջին հարվածի հետևանքով չհանգեցրեց կամքի սպասված կաթվածահարմանը: Այդ առավոտ Թեհրանի երկնքում ոչ միայն թշնամու հրթիռներն ու անօդաչու սարքերն էին, այլև իրանական կործանիչ ավիացիան, որը մտավ մարտի մեջ: Այս հանգամանքը հերքում է վարչակարգը ներսից արագ կազմաքանդելու սցենարներ իրականացնելու ցանկացած փորձ: Վաշինգտոնին չհաջողվեց պարտադրել ոչ վենեսուելական տարբերակը, ոչ էլ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի իրավիճակը, երբ առաջին տասներկու ժամվա ընթացքում թվում էր, թե երկրում կառավարումն իսպառ բացակայում է:
Ինստիտուցիոնալ ժառանգականությունը գործեց անթերի՝ բացառելով իշխանության վակուումը: Գործընթացը, որը կարելի է անվանել «արյան թարմացում» վերին օղակներում, տեղի ունեցավ սեղմ ժամկետներում, և այսօր երկիրը դե ֆակտո ղեկավարում է Ալի Լարիջանին: Նա Խամենեիի հիմնարար կուրսի շարունակման կողմնակիցն է, ինչը նշանակում է կոշտ գծի պահպանում տարածաշրջանային գործերում: Հայաստանի համար հարևանի այս ներքին տարանցումը կրիտիկական նշանակություն ունի: Ներկա դրությամբ պարզ է դառնում, որ Իրանը ոչ միայն պահպանել է դիրքերը, այլև խստացրել է մոտեցումներn իր սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի ներկայության նկատմամբ:
Հայ-իրանական սահմանին ամերիկյան մասնագետների ցանկացած գործունեություն այժմ Թեհրանի կողմից կարող է է՛լ ավելի սուր ընկալվել որպես ուղղակի և էկզիստենցիալ սպառնալիք: Եթե նախկինում կիրառվում էր դիվանագիտական նախազգուշացումների լեզուն, ապա ուղղակի հակամարտության պայմաններում հռետորաբանությունը կարող է փոխվել ուժային արձագանքման զորահավաքային պատրաստակամության:
Թեհրանn ակնառու կերպով ցուցադրում է երրորդ երկրների տարածքներում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակվելու պատրաստակամությունը: Այս համատեքստում TRIPP նախագիծը, եթե այն արդեն գործեր, կարող էր դառնալ իրանական հրթիռային զորքերի առաջնահերթ թիրախը: Ցանկացած տարանցիկ միջանցք, որը Թեհրանի կողմից դիտարկվում է որպես երկրի սահմաններին արևմտյան ազդեցության ուժեղացման գործիք, լայնամասշտաբ դիմակայության պայմաններում վերածվում է մարտական շփման գոտու: Այդ թվում նաև այս պատճառով անհրաժեշտ է բացառել ցանկացած «արտատարածքային» տրամաբանություն Հայաստանում, որպեսզի վերահսկողություն լինի հայկական տարածքով անցնող բեռների նկատմամբ: Այս առումով սահմանին «ֆրոնտ և բեք օֆիսների» գաղափարը վերջնականապես վարկաբեկել է իրեն:
Պատերազմն ինքնին այսօր Երևանի համար թելադրում է ակտիվ ճգնաժամային պլանավորման անհապաղ անցման անհրաժեշտություն: Հավանականությունը, որ բախումները կընդունեն ձգձգվող բնույթ, հայաստանյան ղեկավարությունից պահանջում է մշակել լայնածավալ հումանիտար մարտահրավերներին արձագանքելու մանրամասն սցենարներ: Հայաստանում Իրանից հազարավոր փախստականների հայտնվելը ոչ միայն լոգիստիկայի հարց է, այլև ազգային գործունակության համակարգային մարտահրավեր: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստել ենթակառուցվածքները (կամ գնալ թուրքական ճանապարհով և դե ֆակտո փակել սահմանը Իրանի քաղաքացիների համար, իսկ այսօրվա պաշտոնական Երևանը շատ բան է սիրում փոխառել Անկարայից)՝ հասկանալով, որ սա ոչ միայն հումանիտար պարտքի հարց է, այլև բնական դաշնակցի աջակցության, որի բարօրությունն ուղղակիորեն կապված է հայկական պետականության գոյատևման հետ իր ներկայիս սահմաններում:
Իրանական գործոնը միշտ ծառայել է որպես բնական սահմանափակող տարածաշրջանի այլ խաղացողների նկրտումների համար: Այս հակակշռի թուլացումը կամ դրա արմատականացումը հայկական դիվանագիտությունից պահանջում են ոսկերչական ճշգրտություն: Սակայն Հայաստանի ներքին իրավիճակի վերլուծության ժամանակ հայտնաբերվում է վտանգավոր դիսոնանս: Տարածաշրջանային ռիսկերի չեզոքացման և գոյատևման ռազմավարությունների կառուցման վրա կենտրոնանալու փոխարեն, քաղաքական դասը մնում է նախընտրական տրամաբանության պատանդը: Ներքաղաքական պայքարը և արտաքին մարտահրավերները ընտրական դիվիդենտների վերածելու փորձերը գերակայում են պետական իմաստի նկատմամբ: Իշխանությունը հաճախ անտեսում է այն փաստը, որ աշխարհագրությունը ժամանակ չի թողնում ձգձգվող քննարկումների համար: Իրավիճակը պահանջում է ոչ թե կարգախոսներ, այլ կոնկրետ քայլեր՝ ուղղված էներգետիկ համակարգերի ինքնավարության ապահովմանը և իրանական կողմի հետ սահմանային ռեժիմի հարցերի շուրջ սերտ համակարգմանը:
Խնդիրը ոչ թե նախկին վիճակի պահպանումն է, այլ հարմարվելն այն իրականությանը, որտեղ Սյունիքը դառնում է պատերազմող կողմերի շահերի հատման գոտի: Այս ռիսկերի անտեսումը հանուն ընթացիկ վարկանիշների կարող է հանգեցնել նրան, որ քվեարկության ավարտի պահին լանդշաֆտն այնքան փոխված լինի, որ ցանկացած ներքին ծրագիր կորցնի իր արդիականությունը: Թեհրանում իշխանության նորացումը հարևանի ՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում մինչև վերջ գնալու պատրաստակամության նշան է։ Իրանի շրջափակմանը նպաստող ցանկացած քայլ նրա կողմից կդիտարկվի որպես թշնամական ակտ՝ բոլոր բխող հետևանքներով: Բազմավեկտորության ժամանակը սպառված է. վրա է հասնում կոշտ ընտրության և տարածաշրջանային հանգույցում սեփական դերի համար պատասխանատվություն ստանձնելու դարաշրջանը, որտեղ անվտանգության իրավունքը պետք է հաստատել կոնկրետ գործողություններով, այլ ոչ թե հայտարարություններով:
Մտածե՛ք այդ մասին…»։