Իրանին հարվածելու դեպքում անկայունությունը դուրս կգա հանրապետության սահմաններից․ Վասիլի Օստանին-Գոլովնյա

27 Հունվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Արևելագետ Վասիլի Օստանին-Գոլովնյան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Իսրայելում գործող արմատական թևը չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ առնվազն ամբողջությամբ չի վերացվել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, իսկ իդեալական դեպքում՝ չի տապալվել գործող ռեժիմը։ Այստեղ հիմնական դաշնակիցը Միացյալ Նահանգներն են»,- նշել է Օստանին-Գոլովնյան։

Նրա խոսքով՝ այս պահին անհնար է կանխատեսել՝ կլինե՞ն արդյոք հարվածներ Իրանին, թե՝ ոչ, և եթե լինեն, ապա ինչ ժամկետներում։

«Դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում կամ՝ ավելի ուշ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկատվություն այն մասին, որ Պարսից ծոցի միապետությունները՝ որպես Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարներից, փորձում էին համոզել ամերիկյան քաղաքական էլիտային ձեռնպահ մնալ Իրանի դեմ հարվածներից։ Իրանը ներկայում գտնվում է թուլացած վիճակում նաև երկրի ներսում զանգվածային բողոքների ֆոնին։

Սա հասկանալի է, քանի որ արաբական միապետությունները բավական սթափ են գնահատում իրավիճակը՝ հասկանալով, որ Իրանի ամբողջական ապակայունացման դեպքում ներքին անկայունությունը դուրս կգա նրա սահմաններից։ Այդ պարագայում Թեհրանը կարող է դիմել ծայրահեղ քայլերի, այդ թվում՝ փակել Օրմուզի նեղուցը կամ ապակայունացնել Իրաքի հետ սահմանակից շրջանները, ինչը կարող է խաթարել նավթի մատակարարման հետ կապված տրանսպորտային-լոգիստիկ շղթաները և արդեն սպառնում է տարածաշրջանային մասշտաբի ավելի լուրջ հետևանքներով», — ասել է Օստանին-Գոլովնյան։