Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել
14 Փետրվարի 2024, 11:41
Իրանն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային՝ կրկնելով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչը։
Անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներին, որի հետևանքով Հայաստանը 4 զոհ ունի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ Իրանը մտահոգված է սահմանային լարվածության առնչությամբ։ Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
Քանանին կրկնել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական խաղաղության հասնելու համար՝ միաժամանակ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղ համաձայնագրի հասնելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 13-ի առավոտյան կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։