Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

14 Հուլիսի 2024, 15:59

Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։

«Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։

Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայունությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արդարացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ դուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասական կվերաբերվի դրան։

«Ճի՞շտ հասկացա, որ Դուք ասում եք, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չի իրականացնի։ Այդ համոզունքը Ձեզ որտեղի՞ց։ Դուք ասում եք, որ դա վարկած է, բայց Հայաստանի ԱԳՆ վերջերս չբացառեց, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ից հետո Բաքուն դիմի ռազմական ագրեսիայի։ Եվ ուզում եմ նշել, որ հենց այս պահին էլ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից տարածքներ և՛ Սյունիքում, և՛ Սոթքում, և՛ Ջերմուկում» հարցին ի պատասխան Իրանի դեսպանը նշեց, որ այստեղ երկու հարց պետք է հաշվի առնել, այդ տեղային բախումները կամ հրադադարի խախտումները և մյուսը, պատերազմը, դրանք տարբերվում են իրարից։

«Այն, որ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, բանակցությունների և սահմանների հստակեցման շրջանակներում պետք է կարգավորվի։ Երբ միջազգային սահմանների համաձայն պարզվեց, որ Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, և այս հատվածը սահմանագծվեց, այդ տարածքները վերադարձվեցին։

Ճշտող հարցին. «Ի՞նչ նկատի ունեք, որ 4 գյուղերի տարածքները տրվեցի՞ն Ադրբեջանին» հարցին Մեհդի Սոբհանին պատասխանել է.

«Այո՛, և երբ այդ միջազգային գծերը հստակեցվեն, բնականաբար, պարզ կլինի, թե որ մասը որ երկրին է պատկանում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և օգտագործում ենք այդ լավ հարաբերությունները ու ջանք ենք գործադրում, որ, ինչպես Դուք ասացիք, նոր պատերազմ չլինի։ Դիվանագիտությունը հարցերի լուծման ամենալավ տարբերակն է։ Ինչո՞ւ սպասենք, որ պատերազմ տեղի ունենա, հետո դիվանագիտությունը գործի։ Մենք պատրաստ ենք մեր ամբողջ պոտենցիալը օգտագործել, որ հարցերը լուծվեն խաղաղության միջոցով։ Մենք դա ասում ենք որպես մի երկիր, որը կարող է տուժել անկայունությունից և կարող է շահել կայունությունից։

«Եթե Բաքվի կողմից տեսնենք ռազմական ագրեսիա, Իրանի կողմից կտեսնե՞նք քայլեր» հարցի անդրադառնալով ԻԻՀ դեսպանը շեշտեց.

«Սա Հայաստանն է, այն անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանություն, ունի տարածքային ամբողջականություն, և այս երկրում, ուրիշ երկրի ցանկացած գործողություն պետք է լինի տվյալ երկրի համաձայնությամբ։ Այն, թե Իրանը Հայաստանի հետ համագործակցությունն ինչպես առաջ կտանի, կախված է երկու երկրների համագործակցությունից»։