Իրանն ամերիկացիներին հնարավորություն է տվել չպատասխանել այդ հարվածին. Աբբաս Ջումա
16 Հունվարի 2024, 18:48
Միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է իրաքյան Քրդստանում ԱՄՆ օբյեկտներին Իրանի հարվածները:
«Տեղի ունեցածից հետո կապվեցի ընկերոջս հետ, ում հետ երկար տարիներ ընկերություն եմ անում։ Նա այժմ ապրում և աշխատում է Էրբիլում, և ահա նա ինձ պատմեց, որ հարվածները եղել են ոչ թե ԱՄՆ գործող հյուպատոսարանի, այլ կառուցվող հյուպատոսարանի ուղղությամբ։ Նրանք այնտեղ քաղաքի սահմաններից դուրս ինչ-որ հսկա օբյեկտ են կառուցում, և դա կլինի տարածաշրջանում ամենամեծ, հավանաբար, ամերիկյան հյուպատոսություններից մեկը։ Ահա այնտեղ են թռել հրթիռները, ինչից ես եզրակացնում եմ, որ թիրախը ո՛չ ամերիկացիներն էին, ո՛չ ամերիկացի դիվանագետները, այլ իսկապես ահաբեկիչները, ինչպես նաև Մոսադի գործակալները։ Այն մասին, որ Մոսադի բազաներն այնտեղ աշխատում են Իրանի ուղղությամբ, ակտիվորեն խոսում են տեղացիները, նրանք դրանում համոզված են։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել Իրանի Քերման քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները: Այնպես որ, մենք ունենք պատասխան հարված, դա վրեժ է Իրանի դեմ մշտական ահաբեկչությունների համար: Վերջերս մենք տեսանք մի շարք հարվածներ Իրանի և իրանական վստահված անձանց ուղղությամբ, իսկ այսօր Իրանը պատասխանեց: Բայց միևնույն ժամանակ նա պատասխանեց այնպես, որ երրորդ աշխարհամարտը չսկսվի, քանի որ ամերիկացիներին, սկզբունքորեն, հնարավորություն տրվեց չպատասխանել այդ հարվածին, քանի որ ԱՄՆ քաղաքացիները չեն տուժել, այդ մասին Ամերիկայում արդեն հայտարարել են», — ասել է Ջումանը:
Փորձագետի կարծիքով՝ Իրանի այդ հարվածը դժվար թե ավելի մեծ բան հրահրի։
«Դատելով այն տվյալներից, որոնք ես ստացել եմ, այդ թվում՝ Էրբիլում գտնվող մարդկանցից, այդ հարվածը դժվար թե ավելի մեծ բան առաջացնի։ Բացի այդ, պետք է հաշվի առնել այն, որ իրանցիներն առաջին անգամ չէ, որ գրոհում են Իրաքի տարածքը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով: Բայց դա երբեք չի հանգեցրել երրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև անմիջական հարվածը ամերիկյան բազաներին, որը հաջորդեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Դրա համար էլ ես դեռ չէի շտապի եզրակացություններ անել, որ սա երրորդ համաշխարհայինի սկիզբն է, ամեն ինչ, իհարկե, հնարավոր է, ոչինչ հիմա բացառել չի կարելի, բայց ահա նախնական իրավիճակն այնպես եմ տեսնում, որ Իրանը կետ առ կետ վերացրել է նրանց, ովքեր, նրա կարծիքով, մասնակից են Քերմանի ահաբեկչությանը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ապա քանի դեռ դա դուրս չի եկել Էրբիլի տարածքից, դա ոչ մեկի վրա չի անդրադառնա։ Մեծ պատերազմի դեպքում, իհարկե, աշխարհագրության պատճառով, ամեն ինչ մոտ է: Բայց եթե այս իրավիճակը, ինչպես նախկինում շատ անգամ, դուրս չգա տարածաշրջանի տարածքից, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա», — եզրափակել է Ջուման։