Իրանն ու Հայաստանը կարևոր դեր ունեն միմյանց կյանքում. Սամվել Շահբազյան

13 Օգոստոսի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Գլոբալ միջազգային հարաբերությունների մասնագետ, արևելագետ Սամվել Շահբազյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրները փորձում են միջամտել Հարավային Կովկասի գործընթացներին և Հայաստանը դարձնել ռազմավարական դիմակայության գոտի:

Փորձագետի կարծիքով՝ Իրանն ու Հայաստանը կարևոր դեր ունեն միմյանց կյանքում։

«Իրանը կարևոր դեր է խաղում Հայաստանի կյանքում, իսկ Հայաստանը նույնքան կարևոր դեր ունի Իրանի կյանքում։ Իհարկե, ցանկացած փոփոխություն, փոխակերպում ինչպես երկրների արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, կարող են երկուստեք ազդել երկու պետությունների անվտանգության և կայունության վրա։ Առնվազն չպետք է մոռանալ, որ Իրանն ու Հայաստանը զարգացնում են սերտ պայմանագրային հարաբերություններ, և Հայաստանը կախված է Իրանի էներգառեսուրսներից։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների պայմաններում Իրանը Հայաստանի համար ծառայում է որպես կարևոր ռազմաքաղաքական դաշնակից, ինչն առանցքային է երկրի անվտանգության համար: Բայց Իրանի համար էլ Հայաստանը պակաս կարևոր երկիր չէ, որին կորցնելն ուժեղ հարված կլինի Թեհրանին», — ասել է Շահբազյանը։

Այսպիսով, ըստ արևելագետի՝ Հայաստանը կորցնելը մեծ հարված կլինի Իրանի համար:

«Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսը պատահական չէ, որ հայտարարություն է արել տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսներից այն կողմ գտնվող որևէ երկրի ուժերի բացակայության կարևորության մասին: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ ակնարկն արվել է Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Եվ նման հայտարարության համար Իրանն ունի իր ծանրակշիռ պատճառները։

Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն Իրանի համար ներկայանում է որպես քաղաքական հակառակորդ, և Թեհրանին բացարձակապես ձեռնտու չէ ամերիկյան ուժերի գտնվելը սահմանամերձ երկրների տարածքում։ Հատկապես հաշվի առնելով, որ ամերիկյան ներկայությունն արդեն նկատվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, Իրաքում, Քուվեյթում և մերձավորարևելյան այլ երկրներում, որոնք Իրանի հետ ունեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններ: Եվ այդ հուզումներն ուժեղացան Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, այն բանից հետո, երբ ամրապնդվեց Իրանի հյուսիսային հարևան Ադրբեջանի սերտ համագործակցությունը Իրանի թիվ երկու թշնամի Իսրայելի հետ, և Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի լիակատար անցումը, որը նույնպես սահմանակից է Իրանին, և որտեղ Իսրայելը ծրագրում է իր ռազմակայանները կառուցել Իրանի վրա հնարավոր հարձակումների համար, իհարկե, ոչ առանց ԱՄՆ-ի օգնության:

Եվ այսպիսով, բոլոր այն երկրներից, որոնք սահմանակից են Իրանին, Հայաստանը մնում է միակ բարեկամը։ Եվ Հայաստանը կորցնելը մեծ հարված կլինի Իրանի համար։ Դրա համար էլ առկա են այդ մտավախությունները, որ Հայաստանն այժմ թռիչքային, ես կասեի նույնիսկ մարգինալացված վիճակում է, երբ երկիրը կամաց-կամաց դուրս է գալիս մի բևեռից և նրան կարող է պատսպարել մեկ այլ բևեռ, որի համար այդքան էլ ուրախ չեն Իրանում», — եզրափակել է Շահբազյանը։