Իրանում բողոքի ակցիաներն ավարտվել են գործող ռեժիմի հաղթանակով․ Օլեգ Մակարենկո
17 Հունվարի 2026, 18:15
Քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։
«Իրանում բողոքի ակցիաներն այս պահի դրությամբ ավարտվել են գործող քաղաքական ռեժիմի հաղթանակով։ Դա միանշանակ է։ Իշխանություններին հաջողվել է համախմբել հասարակությանը․ նրանք իրենց կողմնակիցներին դուրս են բերել փողոցներ, որոնց թիվը բավական մեծ էր, և դա ցուցադրել են հեռուստատեսությամբ։ Եթե համաշխարհային հանրությունը դա չի տեսել, ապա դա նրանց խնդիրն է»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ակցիաները ցույց են տվել, որ ուժային կառույցները գործող քաղաքական էլիտայի կողմն են և մտադիր չեն զիջել իրենց դիրքերը։
«Բողոքի ակցիաները գրեթե մարել են մի քանի պատճառով։ Առաջին՝ դրանք չունեն առաջնորդ, որը կարողանար մարդկանց իր հետևից տանել։ Երկրորդ՝ դրանք իրականում սնվում են դրսից՝ Քուրդիստանից։ Գլխավոր շարժիչ ուժերը, ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա, քրդական էթնոսի ներկայացուցիչներն են, որոնք երազում են սեփական պետության ստեղծման մասին՝ Իրաքի, Իրանի և Սիրիայի հաշվին»,- ընդգծել է Մակարենկոն։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմանը՝ փորձագետն ասել է, որ տեսականորեն դա հնարավոր է, սակայն շատերի համար անսպասելիորեն ԱՄՆ-ը սկսել է իր զինված ուժերն, այդ թվում՝ առանձին ստորաբաժանումներ, դուրս բերել տարածաշրջանից։
«Սա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնում բավական ադեկվատ են գնահատում Իրանի հնարավորությունները, որն ունակ է լուրջ հարված հասցնել բալիստիկ և այլ հրթիռների կիրառմամբ, մինչդեռ ԱՄՆ-ը չունի բավարար հակաօդային պաշտպանության ուժեր նման հարվածը հետ մղելու համար։ Ուժային սցենարը հնարավոր է, սակայն ես այն գնահատում եմ որպես նվազագույն, քանի որ Թրամփին պետք չէ երկարատև պատերազմ՝ կորուստներով, իսկ նման սցենարը լիովին իրատեսական է»,- նշել է Մակարենկոն։