Իրանը հիշեցրել է Խամենեիի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ

10 Օգոստոսի 2025, 17:20

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատմական համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է վերջ դնել երկու երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանն ու թշնամությանը։

Համաձայնագրի առանցքային կետերից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող Հայաստանի հարավով անցնող երթուղու վերագործարկումն է։ Համաձայնագրի պայմաններով՝ միջանցքի զարգացումը վստահվելու է ամերիկյան կոնսորցիումին, երկարաժամկետ կառավարումն ու վերահսկողությունը ևս կլինի ԱՄՆ-ի կողմից։

«Վերջին տարիներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ վեճերից հետո, Իսլամական Հանրապետությունը բազմիցս առաջ է քաշել «3+3» նախաձեռնությունն՝ այն համարելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լավագույն լուծումը»,- հիշեցնում է «Iranwire»-ը։

«Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ալի Խամենեին շեշտել էր Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ հայտարարելով․ «Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանին վնաս է հասցնելու և շարունակում է պահպանել այդ դիրքորոշումը»,- հավելում է «Iranwire»-ը։

Իրանը բազմիցս զգուշացրել է Զանգեզուրի միջանցքի բացման և Հայաստանի հետ սահմանի փակման մասին։ Իրանի զինված ուժերը երկու անգամ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, իսկ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այս միջանցքի բացումը կխաթարի Իրանից Ռուսաստան ապրանքների տարանցիկ երթուղին և կկտրի Հայաստանի հետ Իրանի ընդհանուր սահմանները։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աբբաս Մուսավին հայտարարել է. «Այն փաստը, որ հարգարժան պարոն Թրամփը միջամտել է այս հարցին, մեզ համար միաժամանակ հետաքրքիր է և վտանգավոր»»,- գրում է Iranwire-ը։