Իրանում իրականացված օպերացիաները ձախողվել են․ Պույա Հոսեյնի
06 Ապրիլի 2026, 16:15
Իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի շուրջ տեղի ունեցած վերջին ռազմական զարգացումներին՝ ներկայացնելով իր գնահատականները։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահը նախապես հայտարարել էր, թե Իրանը չունի լուրջ ռազմական կարողություններ, այդ թվում՝ օդային ուժեր, սակայն հետագա իրադարձությունները ցույց են տվել հակառակը։
«Ասում էին, որ Իրանը չունի օդային ուժեր, չունի ռազմական կարողություններ, բայց գործողությունները ցույց տվեցին, որ դա սուտ էր»,- նշել է նա։
Նա նաև անդրադարձել է Իրանում խոցված ԱՄՆ կործանիչի օդաչուների փրկության օպերացիային՝ նշելով, որ այն իրականացվել է բարդ և վտանգավոր պայմաններում։ Նրա խոսքով՝ գործողության վայրը անվտանգ չի եղել ներգրավված ուժերի համար, ինչը վկայում է օպերացիայի ընթացքում տեղի ունեցած կորուստների մասին։
«Սա հեշտ օպերացիա չէր, Իրանը կարծես թակարդ էր դրել, որ ներս մտնեն և այնտեղ ոչնչացվեն»,- ասել է նա։
Ըստ Հոսեյնիի՝ փորձագետների շրջանում կա տեսակետ, որ զուգահեռ իրականացվել է մեկ այլ օպերացիա՝ կապված ուրանի հարստացման հետ։ Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ փորձ է արվել տեղափոխել 60 տոկոս հարստացված ուրան, սակայն այդ գործողությունն էլ է ձախողվել։
«Խոսվում է, որ դա այլ օպերացիա էր՝ կապված 60 տոկոսանոց հարստացված ուրանի հետ, և այն նույնպես ձախողվել է»,- նշել է նա։